Շրջակա միջավայրի պահպանության ֆրանսիացի գործիչները դեմ են արևմտյան Ֆրանսիայում նոր օդանավակայանի կառուցմանը, որը գտնվում է ոչ շատ հեռու այն վայրից, որտեղ այս երկրի կառավարությունը հյուրընկալել է եղանակային փոփոխությունների վերաբերյալ կայանալիք վեհաժողովի նախապատրաստական հավաքը: Որոշ ցուցարարներ կարծում են, որ Ֆրանսիան պետք է հետևի ԱՄՆ-ի նախագահ Օբամայի օրինակին, ով անցյալ շաբաթ արգելակել էր «Քիսթոուն» նավթամուղի կառուցումը՝ միջավայրի պահպանության նկատառումներով. «Այստեղ ենք հավաքվել խնդրելու Ֆրանսիայի նախագահ Օլանդին նույնպես վարվել «Նոթղը Դամ դե Լանդե» ծրագրի հարցում», - ասում են ակտիվիստները:
Ֆրանսիայի ղեկավարները հյուրընկալել են շուրջ 60 երկրներից ժամանած պաշտոնյաների եռօրյա նախապատրաստական հանդիպումը՝ գտնելու հնարավոր փոխզիջումային լուծումներ եղանակային գործարքի վերաբերյալ:
Եթովպիայի վարչապետ Հայլեմարիամ Դեսալեգնը ոգեւորված է Աֆրիկայում նոր վերականգնվող էներգիայի հնարավորություններով. «Տասը տարում Աֆրիկան պետք է ամբողջապես էլեկտրիֆիկացնի իր գյուղական տարածքները, ինչով աշխատատեղեր կստեղծի աֆրիկացիների համար, նաև՝ կօգնի արգելակել արտագաղթը Եվրոպա և այլուր»:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին խոսեց համաշխարհային եղանակային փոփոխությունների ու անվտանգության միջև կապի մասին. «Օրինակի համար Նիգերիայում եղանակային փոփոխությունները ահաբեկչական Բոկո Հարամ խմբավորման հետ անմիջական առնչություն չունեն, սակայն խիստ երաշտը, և այն հաղթահարելու կառավարության անկարողությունը, նպաստում է քաղաքական ու տնտեսական այնպիսի պայմանների ստեղծմանը, որից օգտվում են ծայրահեղական զինյալները՝ գյուղեր գրավելու, ուսուցիչներին թրատելու, և հարյուրավոր դպրոցական աղջիկների առևանգելու համար», - ասել է Քերրին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, Վաշինգտոնում արտասանած իր ելույթում հիմնավորում էր, որ ածխածնային արտանետումների կրճատումը չի ավիրի տնտեսությունը. «Ոչինչ չանելը արհավիրք դառնալու ներուժ ունի, ինչը վեր է այն ամենից ինչ հնարավոր է հաշվարկել տնտեսական տերմինաբանությամբ», - ասել է Համոնդը:
Նախագահ Օբամայի էլեկտրակայանների ածխածնային արտանետումների կրճատման ծրագրի ընդդիմախոսները պնդում են, որ առաջարկվող միջոցառումները կոչնչացնեն աշխատատեղերը ածխահանքերում և կավելացնեն էներգիայի արժեքը: