Չեչեն ապստամբների առաջնորդ Դոքու Ումարովը պատասխանատվություն է ստանձնել անցյալ ամիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 35 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակման համար։
Այս հայտարարությամբ Ումարովը հանդես է եկել մահմեդական ապստամբների համացանցային կայքում հրապարակված տեսանյութում։
Չեչեն ապստամբների հրամանատարն ասել է, թե հարձակման թիրախը եղել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «ազգայնամոլ վարչակարգը»։
Համացանցում հրապարակված մեկ այլ տեսանյութում Ումարովն ասել է, թե Մոսկվային սպասվում է «արյան և արցունքների տարի», եթե այն չդադարի վերահսկել Հյուսիսային Կովկասի տարածաշրջանը։
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին մահապարտի կողմից իրականացված պայթյունի պատճառով զոհվել է 35, վնասվածքներ ստացել՝ մոտ 150 մարդ։
Ռուսաստանի հետաքննչական մարմինների համաձայն, պայթյունն իրականացրել է Հյուսիսային Կովկասում բնակվող 20-ամյա մի տղամարդ, որի վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվել։