Մատչելի հղումներ

Զինադադար Մայդանում


Ընդդիմությունն ու Յանուկովիչը բանակցություններ են վարում, հակակառավառական ցուցարարները խոստացել են Կլիչկոյին պահպանել զինադադարը՝ բանակցությունների անցկացման ժամանակ

Կիևում հակակառավարական ցույցերի մասնակիցները համաձայնվել են զինադադար հայտարարել ոստիկանության դեմ ուղղված գործողություններում ընդդիմության առաջնորդների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև բանակցությունների անցկացման ժամանակ:

Հակակառավարական ցուցարարները խոստացել են ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոյին, որ կդադարեցնեն բոլոր գործողությունները մինչև Կիևի ժամանակով երեկոյան ժամը 8-ը: Նման խոստում ցուցարարները տվել են այն բանից հետո, երբ Կլիչկոն բարձրացել էր բարիկադներ՝ կոչ անելով վերջիններիս պահպանել զինադադարը:

Կիևում ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև անցյալ տարվա նոյեմբերից սկսված բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերն անհանգստություն են առաջացրել այն մասին, որ երկրում շարունակվող հակակառավարական ցույցերը կարող են բռնի բնույթ ստանալ:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների, որոնց հետևանքով զոհեր են եղել, այդ թվում՝ երկու ցուցարար զոհվել էր հրազենից ստացված վնասվածքներից:

«Հորդորում ենք բոլոր կողմերին անմիջապես նվազեցնել իրավիճակի լարվածությունը և զերծ մնալ բռնություններից: Ուկրաինայում լարվածության աճը Ուկրաինայի կառավարության կողմից իրական երկխոսության հաստատելու գործում թերանալու և հունվարի 16-ին հակաժողովրդավարական օրենսդրություն ընդունելու անմիջական հետևանք է», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Այնուամենայնիվ, անընդունելի են նաև ծայրահեղ աջակողմյան «Պրավիյ Սեկտոր» խմբավորման անդամների գործողությունները, որոնք հրահրում են փողոցներում տիրող իրավիճակը և խարխլում խաղաղ ցուցարարների ջանքերը: Մենք դատապարտում ենք նաև «տիտուշկի» անվանումը կրող ոչ պաշտոնական խմբավորման կողմից իրականացվող բռնությունները», - նշված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ դատապարտել էր նաև լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող թիրախավորված հարձակումները, այս թվում՝ ազատազրկումը:
XS
SM
MD
LG