Մատչելի հղումներ

Յանուկովիչը սատարում է ընդդիմության հետ բանակցությունների անցկացումը


Այս ընթացքում դեպի Եվրոմայդան շարժվում են ներքին զորքեր, կանանց և երեխաներին կարգադրվել է անհապաղ լքել ցուցարարների ճամբարը, որտեղ այժմ գտնվում է մոտ հինգ հազար մարդ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկուշաբթի օրը հայտարարել է եվրաինտեգրումից հրաժարվելու դեմ բողոքի ցույցեր անցկացնող ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնելու գաղափարը սատարելու մասին:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Յանուկովիչի պաշտոնական կայքում, որտեղ նշված է, որ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկն առաջարկել է ստեղծել իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ «համազգային կլոր սեղան», որը նպատակ է հետապնդելու գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցներ:

«Վիկտոր Յանուկովիչը սատարել է այս նախաձեռնությունը: Իր կարծիքով, նման կլոր սեղանը կարող է դառնալ հարթակ՝ փոխըմբռնում ձևավորելու համար», - ասված է Ուկրաինայի նախագահի կայքում:

Ուկրաինայի ընդդիմությունն այս ընթացքում պատրաստվում է հետ մղել Եվրոմայդանը շրջափակող ներքին զորքերի գրոհը:

Կիևից «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարների ճամբարում հավաքագրում են բոլոր տղամարդկանց, ովքեր կարող են պաշտպանել բարիկադները:

Դեպի Եվրոմայդան ներքին գործերի նախարարության զորքերի շարասունների տեղաշարժի մասին հաղորդել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն, որը կարգադրել է կանանց և երեխաներին անհապաղ լքել ցուցարարների ճամբարը, որտեղ այժմ գտնվում է մոտ հինգ հազար մարդ:

Ուկրաինայի ներքին զորքերի շտաբի պետի տեղակալը սակայն հաղորդել է, թե զորքերը մտցվել են Կիևի կենտրոն՝ հասարակական կարգը պահպանելու, այլ ոչ թե ցուցարարներին ցրելու նպատակով:
XS
SM
MD
LG