Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը հանդես է եկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ


Ukraine
Ukraine

Ուկրաինայի կառավարության և երկրի ընդդիմության ներկայացուցիչների միջև հինգշաբթի լույս ուրբաթ անցկացված բանակցությունների արդյունքներով, որոնց կայացել են՝ Եվրամիության դիվանագետների միջնորդությամբ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փորձելով ավարտի հասցնել վերջին շաբաթվա ընթացքում սաստկացած քաղաքական ճգնաժամը, հանդես է եկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությամբ և խոստացել է կազմել կոալիցիոն կառավարություն:

Նախագահ Յանուկովիչը, բացի այդ, խոստացել է կատարել սահմանադրական փոփոխություններ՝ սահմանափակելու համար իր լիազորությունները:

Այս հայտարարություններով Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել իր կառավարության և երկրի ընդդիմության ներկայացուցիչների միջև հինգշաբթի լույս ուրբաթ անցկացված բանակցությունների արդյունքներով, որոնց կայացել են՝ Եվրամիության դիվանագետների միջնորդությամբ:

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներից մեկի համաձայն, Ուկրաինայի կառավարությունն ու ընդդիմությունը նախնական համաձայնություն պետք է ստորագրեն ուրբաթ օրը: Ուկրաինայի ընդդիմությունը սակայն որևէ մեկնաբանություններ չի ներկայացրել:

Այս ընթացքում ստացվում են հաղորդագրություններ այն մասին, որ հակակառավարական ցույցերի էպիկենտրոնի վերածված Կիևի Անկախության հրապարակի մոտակայքում լսվում են հրազենային կրակոցներ: Ուկրաինայի կառավարությունը կրակոցներ արձակելու մեջ մեղադրել է ոստիկանության դեմ գործողություններ իրականացնող ցուցարարներին, սակայն այս հաղորդագրությունները չեն հաստատվել:

Ուկրաինայում նախօրեին գրանցվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի պատմության մեջ ամենաարյունալի օրը: Կիևի կենտրոնում ոստիկանության հատուկ ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, որոշ տվյալների համաձայն, զոհերի թիվը կազմել է ավելի քան 70 մարդ, կան հարյուրավոր տուժածներ:

Ուկրաինայի Լվով քաղաքում այս ընթացքում քաոսային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ հակակառավարական ցուցարարները դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել պետական մարմինների շենքերի ուղղությամբ, իսկ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ հրաժարվել են իրավիճակին միջամտելուց:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից նախօրեին հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի «զայրույթն են առաջացրել Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից իր սեփական ժողովրդի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ բացելու պատկերները»:

Սպիտակ տունը հորդորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին անմիջապես հետ քաշել իրեն հավատարիմ անվտանգության ուժերը Կիևի կենտրոնից և հարգել բողոքի խաղաղ ցույցի իրավունքը, և միաժամանակ կոչ է արել ցուցարարներին արտահայտել իրենց բողոքը խաղաղ միջոցներով:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը, բացի այդ, հորդորել է Ուկրաինայի զինված ուժերը չմիջամտել այն հակամարտությանը, որը հնարավոր է և պետք է լուծել քաղաքական միջոցներով:

Եվրոպական Միության արտգործնախարարները հինգշաբթի օրը Բրյուսելում անցկացված արտակարգ հանդիպման ընթացքում եկել են Կիևում բռնությունների իրականացման համար պատասխանատու Ուկրաինայի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին համաձայնության: Պատժամիջոցները կներառեն այս պաշտոնյաներին մուտքի արտոնագրերի տրամադրման մերժումը, վերջիններիս ակտիվների սառեցումն ու Ուկրաինայի կառավարությանը զանգվածային խռովություններին հակազդելու նպատակով օգտագործվող սարքավորումներ տրամադրելուց հրաժարումը:

Միացյալ Նահանգները նման պատժամիջոցներ սահմանել էր չորեքշաբթի օրը:
XS
SM
MD
LG