Մատչելի հղումներ

Ուգանդայում 64 անձանց սպանության մեղավորը, ըստ կասկածների, Սոմալիի ծայրահեղականներն են


Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը դիտող մարդկանց ամբոխի մեջ տեղի ունեցած երկու պայթյունները, ըստ պաշտոնատար անձանց, իրականացրել են Սոմալիի ալ-Շաբաբ անվանումը կրող ծայրահեղական խմբավորման անդամները։

Ըստ Ուգանդայի կառավարությունից ստացված տեղեկությունների, ռումբերից մեկը պայթել է ռեգբիի մի ակումբում։ Կիրակի օրվա ֆուտբոլային հանդիպումն այստեղ մեծ պաստառի վրա դիտող մարդկանց շրջանում կա 49 զոհ։

Մյուս ռումբը պայթել է այս քաղաքում գործող եթովպիական մի ռեստորանում։ Այս պայթյունին զոհ է գնացել 15 մարդ։ Ըստ նախնական վարկածի, պայթյուններն իրականացրել են պայթուցիկ սարքերն իրենց վրա կապած մահապարտ ահաբեկիչները։

Ուգանդան Սոմալիում ունի մի քանի հազար թվակազմով զորքեր, որոնք այս երկրում պաշտպանում են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող կառավարությանը՝ ընդդեմ ալ-Շաբաբի եւ զինյալ այլ խմբավորումների։ Ուգանդայի ոստիկանությունը վերջերս էր ալ-Շաբիբից ստացել սպառնալիքներ։

Եթե վերջնականապես հաստատվի, որ պայթյուններն իրոք իրականացվել են այս կազմակերպության նախաձեռնությամբ, դրանք կդառնան Սոմալիից դուրս այս խմբի կողմից իրականացված ահաբեկչական առաջին հարձակումը։

XS
SM
MD
LG