Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է շվեյցարական UBS բանկին մոտ երկու միլիարդ դոլարի վնաս հասցնելու մեջ մեղադրվող մի անձի:
Ոստիկանության համաձայն, դրամաշորթը կալանավորվել է հինգշաբթի օրը` խարդախություն իրականացնելու համար իր պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով:
«Սքոթլան Յարդ»-ի տեղեկությունների համաձայն, ձերբակալվել է բանկի 31-ամյա մի աշխատող, որն օգտագործել է արժեթղթերը` «ֆինանսական բուրգի» սկզբունքով խարդախություններ իրականացնելու համար:
Շվեյցարական UBS բանկը, որը բաժանմունքներ ունի նաև Միացյալ Նահանգներում, հինգշաբթի օրվա սկզբին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի դրամաշորթի կողմից իրականացված գործողությունների պատճառով այս տարվա երրորդ եռամսյակը բանկը կարող է խոշոր վնասներ կրել: Բանկի ղեկավարությունը սակայն շեշտել է, որ ներդրողների միջոցներին որևէ վնաս չի հասցվել:
Այնուամենայնիվ, բանկի արժեթղթերի շուկայայան արժեքն այսօր նվազել է յոթ տոկոսով:
Դրամաշորթության գործով հետաքննությունը շարունակվում է: