Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետն աշխատանքից ազատել է ոստիկանության հարյուրավոր ծառայողների


Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կաշառակերության հետաքննության հետ կապված վիճահարույց իրադարձությունները շարունակում են մեծ վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը

Թուրքիայի վարչապետն աշխատանքից ազատել կամ տեղափոխել է երկրի մայրաքաղաք Անկարայի ոստիկանության 350 ծառայող: Այս մասին Թուրքիայի կառավարության որոշումն ուժի մեջ է մտել երկուշաբթի ուշ երեկոյան:

Աշխատանքից ազատված ոստիկանության ծառայողներին կփոխարինեն Անկարայի մոտակայքում գտնվող բնակավայրերից բերված ոստիկանները:

Թուրքիայի ոստիկանության ծառայողների աշխատանքից զանգվածային հեռացումները կապված են երկրում բարձրագույն պաշտոնյաների շրջանում կաշառակերության հետաքննության հետ: Էրդողանի կողմնակիցները կաշառակերության հետաքննության հետևում կանգնած լինելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող թուրք հոգևորական, վարչապետ Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ոստիկանության և դատական շրջաններում, և որը հերքում է այս մեղադրանքները:

Հնարավոր է, որ Թուրքիայում թափ է հավաքում Գյուլենի կողմնակիցների «զտումների» ավելի մեծածավալ գործողություններ: Այսպես, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, կառավարության տրամադրության տակ է Գյուլենի ավելի քան 2 հազար կողմնակիցների ցուցակը, որոնք գործում են ոչ միայն երկրի դատական և ոստիկանության մարմիններում, այլև լրագրողների, գործարարների և գիտնականների շրջանում: Թուրքիայի կառավարությունը սակայն հերքում է նման ցուցակի գոյությունը:

Ոստիկանության ծառայողներին և քննիչներին աշխատանքից հեռացնելուն ուղղված զանգվածային գործողությունների միջոցով Թուրքիայի կառավարությանը, ըստ էության, հաջողվել է ժամանակավորապես դադարեցնել կաշառակերության հետաքննությունը: Վերլուծաբանները սակայն պնդում են, որ կառավարությունը շարունակում է մնալ դժվարին կացության մեջ՝ կաշառակերության մեղադրանքների պատճառով, և կանի ամեն ինչ՝ դրանք ծածկելու համար:

Ըստ վերլուծաբանների, Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կաշառակերության հետաքննության հետ կապված վիճահարույց իրադարձությունները շարունակում են մեծ վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը. դրանց պատճառով այս շաբաթ ռեկորդային ցածր մակարդակի է հասել երկրի արժույթը՝ լիրան: Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է, թե ում է մեղադրելու հասարակությունը երկրում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքների համար:
XS
SM
MD
LG