Թուրքիայի հարավ-արևելքում պայթուցիկի կիրառմամբ հարձակման հետևանքով զոհվել է այս երկրի զինված ուժերի յոթ, վնասվածքներ ստացել` տասնմեկ զինծառայող:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազի համաձայն, ճանապարհի եզրին տեղադրված չորս ռումբ գործարկվել է չորեքշաբթի առավոտյան Իրաքի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում երկրի զինված ստորաբաժանումներից մեկի ավտոշարասյան անցնելու ժամանակ:
Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ է արել վրեժխնդիր լինել քուրդ ապստամբների նկատմամբ, քանի որ, իր համոզմամբ, հարձակումն իրականացնելու համար պատասխանատվություն են կրում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները:
Այս հարձակումն իրականացվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից մի քանի օր անց, որի ընթացքում ինքը հայտնել է «ապստամբների նկատմամբ Թուրքիայի համբերության սպառվելու» մասին:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվացել են բախումները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների և Թուրքիայի զինուժի ստորաբաժանումների միջև:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Թուրքիայի հարավ արևմուտքում երեք զինծառայող է սպանվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների կողմից: Զինծառայողները, վերադառնալով հարավ-արևմտյան Շիրնակ նահանգի Բեյթուշշեբաբ շրջանում իրականացվող պարեկային ծառայությունից, ընկել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» մի խումբ զինյալների կողմից կազմակերպված դարան: Հարձակման զոհվածների թվում են եղել թուրքական բանակի երկու շարքային և մեկ սպա:
Այս տարվա հունիսի 16-ին Դիարբեքիր նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների հետ բախման պատճառով զոհվել էր թուրքական բանակի 16 զինծառայող, ինչը դարձել էր թուրքական բանակի կողմից զինծառայողների ամենամեծ կորուստը 2008 թվականի հոկտեմբերից:
«Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից: