Մատչելի հղումներ

Թուրքիայում դպրոցները վերածվում են կրոնական ուսումնական հաստատությունների


Բարեփոխումների դեմ են հադես գալիս ծնողներն ու ուսուցիչները, սակայն կառավարությունը չի նախատեսում հետ կանգնել կրթական համակարգում փոփոխությունների ծրագրերից

Թուրքիայի բազմաթիվ դպրոցականների ծնողների համար այս տարի անակնկալ է դարձել այն հանգամանքը, որ իրենց երեխաների դպրոցներն նոր ուսումնական տարվանից վերածվել են «իմամ-հաթիբների»՝ կրոնական ուսումնական հաստատությունների:

Նման փոփոխությունները մաս են կազմում այս երկրում ուսումնական համակարգի անցկացվող բարեփոխումների, որոնք իրականացնում է Թուրքիայի մահմեդականամետ կառավարությունը:

Որոշ ծնողներ դեմ են հանդես գալիս դպրոցները կրոնական ուսումնական հաստատությունների վերածելու, սակայն ոմանք ողջունում են կառավարության նման քայլերը՝ ասելով, որ «մենք մահմեդական երկիր ենք, հետևաբար կրոնը պետք է ընդգրկված լինի ուսումնական պլանում»:

Ստամբուլի «իմամ-հատիփ» տեսակի կրոնական ուսումնական հաստատություններից մեկում, որը հիմնադրվել է իմամներ պատրաստելու նպատակով, սովորել է Թուրքիայի այժմյա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս տեսակի դպրոցների ուսումնական պլանն այժմ ընդգրկում է սովորական կթական ծրագիրը, ինչպես նաև կրոնի ուսումնասիրություն, որին հատկացվում է մի քանի ժամ:

«Իմամ-հատիփ» տեսակի դպրոցները դրանց ստեղծման ժամանակից՝ 1950-ական թվականներից դարձել են բանավեճի աղբյուր, քանի որ Թուրքիան համարվում է աշխարհիկ պետություն: Նման բազմաթիվ դպրոցներ փակվել են 1990-ականներին, երբ աշխարհիկ պետություն պահպանելու կողմ հանդես եկող զինված ուժերը բռնություններ են գործադրել երկրում թափ հավաքող իսլամիստական շարժման ներկայացուցիչների նկատմամբ:

Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած կուսակցությունն այս տարվա սկզբին մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կառավարությունն ընդունի երկրի դպրոցներում կրթական բարեփոխումներ անցկացնելու մասին մի օրենք, որը թույլ է տալիս դպրոցներին մասնագիտանալ կրոնական կրթության ոլորտում՝ միաժամանակ դասավանդելով ժամանակակից ուսումնական պլանով նախատեսված առարկաներ: Նման որոշումը հրահրել է երկրի աշխարհիկ բնակչության և ուսուցիչների բողոքի ցույցեր: Վերջիններս պնդում են, որ այս օրենքը առաջ է քաշում իսլամիստական գաղափարախոսությունն ու վտանգում է կրթական ստանդարտները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սակայն քննադատության է ենթարկել «իմամ-հատիփ» դպրոցների և դրանց թվի ավելացման դեմ բողոքողներին, իսկ երկրի կրթության նախարարն ասել է, թե «բարեփոխումների ընդդիմախոսները սատարում են ահաբեկչությունը կամ մոլի աշխարհականներ են»:

Նման քննարկումները վկայում են այն մասին, որ կրթության ոլորտը Թուրքիայի բևեեռացած հասարակության համար կարող է դառնալ ևս մեկ «մարտադաշտ»:
XS
SM
MD
LG