Մատչելի հղումներ

Թուրքիան օդային հարված է հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հենակետերի ուղղությամբ


Թուրքիայի ռազմական ինքնաթիռները հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 60 թիրախների ուղղությամբ:

Թուրքիայի զինված ուժերի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, ռազմական ինքնաթիռների միջոցով հարձակումն իրականացվել է չորեքշաբթի ուշ երեկոյան:

Զինուժը խոստացել է շարունակել նման հարձակումներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» անմարտունակ ճանաչելու համար:

Հաղորդագրության համաձայն, օդային հարձակում իրականացնելուց առաջ հրետանային կրակ էր բացվել գործողությունների շրջանում գտնվող 168 թիրախի ուղղությամբ:

Թուրքիայի զինուժը հայտնել է նաև, որ ցուցաբերվել է անհրաժեշտ զգուշություն՝ քաղաքացիական անձանց վնաս պատճառելուց խուսափելու համար:

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» հենակետերի ուղղությամբ հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինուժի շարասյան վրա երեկ կատարված հարձակումից մի քանի ժամ անց:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Թուրքիայի հարավ-արևելքում պայթուցիկի կիրառմամբ հարձակման հետևանքով վերջին տվյալների համաձայն զոհվել է այս երկրի զինված ուժերի առնվազն ութ զինծառայող:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը հայտնել է, որ ճանապարհի եզրին տեղադրված չորս ռումբ գործարկվել է չորեքշաբթի առավոտյան Իրաքի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում երկրի զինված ստորաբաժանումներից մեկի ավտոշարասյան անցնելու ժամանակ:

Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ է արել վրեժխնդիր լինել քուրդ ապստամբների նկատմամբ, քանի որ, իր համոզմամբ, հարձակումն իրականացնելու համար պատասխանատվություն են կրում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները:

Այս հարձակումն իրականացվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից մի քանի օր անց, որի ընթացքում ինքը հայտնել է «ապստամբների նկատմամբ Թուրքիայի համբերության սպառվելու» մասին:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվացել են բախումները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների և Թուրքիայի զինուժի ստորաբաժանումների միջև:

Թուրքիայի հարավ արևմուտքում օգոստոսի 14-ին երեք զինծառայող է սպանվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների կողմից: Զինծառայողները, վերադառնալով հարավ-արևմտյան Շիրնակ նահանգի Բեյթուշշեբաբ շրջանում իրականացվող պարեկային ծառայությունից, ընկել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» մի խումբ զինյալների կողմից կազմակերպված դարան: Հարձակման զոհվածների թվում են եղել թուրքական բանակի երկու շարքային և մեկ սպա:

Այս տարվա հունիսի 16-ին Դիարբեքիր նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների հետ բախման պատճառով զոհվել էր թուրքական բանակի 16 զինծառայող, ինչը դարձել էր թուրքական բանակի կողմից զինծառայողների ամենամեծ կորուստը 2008 թվականի հոկտեմբերից:

«Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից:

XS
SM
MD
LG