Մատչելի հղումներ

Թուրքիան կտրուկ արձագանքել է Հայաստանի դատախազի հայտարարությանը


Հայաստանի գլխավոր դատախազը ներկայացրել էր այն տեսակետը, որի համաձայն Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից օրերս ներկայացված այն տեսակետին, որի համաձայն Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:

Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Աղվան Հովսեփյանի այդ ելույթը, ըստ հաղորդագրությունների, լայն արձագանք էր ստացել թուրքական մամուլում:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն, ըստ «ԱրմենիաՆաու» պարբերականի, պատասխանել է Աղվան Հովսեփյանի խոսքերին` մասնավորապես ասելով.

«Մտահոգությամբ տեղեկացանք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հուլիսի 5-ից 6-ը Երևանում մեկնարկած հայ իրավաբանների համաժողովում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանի իրավականորեն սահմանված չլինելու և Հայաստանին կորուսյալ հայկական հողերի վերադարձնելու անհրաժեշտության մասին», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղեցրած պաշտոնյայի կողմից արված այս հայտարարությունը, որը կապված է հարևան Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, արտացոլում է Հայաստանում իշխող խնդրահարույց մտածողությունը և հակասում է Հայաստանի կողմից միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի, առջև ստանձնած պարտավորությունները, որոնց անդամակցում է այս պետությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ հավելելով. «Պետք է քաջ գիտենալ, որ ոչ ոք չի կարող համարել, որ Թուրքիայի հնարավոր է հողային պահանջ ներկայացնել»:

Հիշեցնենք, որ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Աղվան Հովսեփյանը մասնավորապես ասել էր. «Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
XS
SM
MD
LG