Ըստ հարցումների, Թուրքիայի նախագահի Արդարություն և զարգացում կուսակցությունը վերագտնում է ազգայնական տրամադրված քվեարկողների ձայները՝ շնորհիվ ազգայնական հռետորաբանության, որը նաև չափավոր հակաարևմտյան միտվածություն ունի:
Էրդողանը խոստացել է, որ իր հակաահաբեկչական պայքարը կշարունակվի մինչև վերջին ահաբեկչի վերացումը: Հակաահաբեկչական արտահայտությունները հիմնականում ուղղված են թուրք ազգայնականների համակրանքը շահելուն, որոնք հունիս ամսին անցկացված նախորդ ընտրություններում իրենց ձայները հիմնականում տվել էին Ժողովրդահանրապետական կուսակցությանը:
Ըստ որոշ մասնագետների՝ Էրդողանի հակաահաբեկչական պայքարը սևեռված է քրդերի վրա։ Սակայն ընդամենը 10 օրից կայանալիք ընտրություններում նա նաև մտադրված է ստանալ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ կռվող քրդական գյուղական պահակազորայինների և նրանց ընտանիքների անդամների ձայները: Այդ կազմավորումների հետևում կանգնած են մի շարք ազդեցիկ քրդական ցեղեր և որոշ ցեղերի վերնախավային խմբեր, ինչը հավելյալ ձայների աղբյուր է Էրդողանի համար: Էրդողանին աջակցում է նաեւ քրդերի այն մասը, որը խաղաղություն է ցանկանում և Քրդական աշխատավորական կուսակցությանն է մեղադրում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունների սաստկացման մեջ: Այսպիսով, քրդերի դեմ արշավով Էրդողանին նաև հաջողվել է պառակտել քրդերի ձայները և թույլ չտալ նրանց քվեների միանվագ փոխանցումը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:
Ըստ Վաշինգտոնի Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի՝ Էրդողանի մկանային ազգայնականության խաղերը ամենայն հավանականությամբ Արդարություն ու զարգացում կուսակցությանը կապահովեն բաղձալի 276 ներկայացուցչական տեղով, որն անհրաժեշտ է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար.
Սակայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահեդդին Դեմիրթաշը կարծում է, որ առաջիկա ընտրությունները վերահաստատելու են հունիսի արդյունքները: