Մատչելի հղումներ

Թուրքիան վտարել է Իսրայելի դեսպանին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մամուլի հետ հանդիպման ընթացքում, Անկարա, 2 սեպտեմբերի 2011թ.
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մամուլի հետ հանդիպման ընթացքում, Անկարա, 2 սեպտեմբերի 2011թ.

Թուրքիան ուրբաթ օրը վտարել է Անկարայում Իսրայելի դեսպանին և դադարեցրել այս պետության հետ կնքված ռազմական բոլոր պայմանագրերն այն բանից հետո, երբ հայտնի են դարձել անցյալ տարի Իսրայելի ուժերի կողմից դեպի Գազայի գոտի ուղևորվող «Մավի Մարմարա» նավի գրոհի մանրամասները, որոնք ներկայացվել են ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր կառավարությունը կրճատում է Իսրայելում իր ներկայությունը` հասցնելով այն մինչև դեսպանի երկրորդ քարտուղարի մակարդակի:

Այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից կայացվել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի կողմից ՄԱԿ-ի երկար սպասված զեկույցի իր կայքում մեկ օր առաջ հրապարակելուց հետո, որը պարբերականը ձեռք է բերել տեղեկատվական «արտահոսքի» միջոցով:

Ամերիկյան պարբերականի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետների խումբը եկել է այն եզրակացության, որ Իսրայելի կողմից Գազայի գոտու ծովային շրջափակումը օրինական է, սակայն թուրքական նավի կողմից շրջափակումը ճեղքելու փորձի կանխման ընթացքում Իսրայելի կառավարությունը «անհամաչափ և անհիմն» ուժ է գործադրել:

«Նյու Յորք Թայմս»-ի կողմից ՄԱԿ-ի հրապարակված զեկույցն «անընդունելի» է անվանել Իսրայելի ուժերի կողմից իրականացված գրոհի պատճառով զոհերի թիվը` նշելով, որ Իսրայելը «բավարար բացատրություն չի ներկայացրել» Թուրքիայի ինը քաղաքացու մահվան վերաբերյալ, որոնցից շատերի մարմնի վրա, ըստ զեկույցի, «հայտնաբերվել են բազմաթիվ, ներառյալ թիկունքի կողմից և մոտ տարածությունից կատարված կրակոցների հետքեր»:

ՄԱԿ-ի փորձագետների խումբը սակայն նշել է, որ թուրքական նավի ուղղությամբ գրոհ իրականացրած Իսրայելի հատուկ ուժերի ծառայողներն ուժ են գործադրել նաև ի պատասխան նավի որոշ ուղևորների կողմից ցուցաբերված «կազմակերպված և կատաղի դիմադրության»:

Իսրայելի պաշտոնատար անձինք, որոնք խոսել են նախքան զեկույցը հրապարակումը` իրենց անունը չբացահայտելու պայմանով, բարձր են գնահատել ՄԱԿ-ի զեկույցը, քանի որ այնտեղ հրապարակված տեղեկությունների համաձայն, Իսրայելի կողմից ձեռնարկված գործողությունները չեն խախտել միջազգային իրավունքը:

Իսրայելի պաշտոնատար անձանցից մեկը Ֆրանսիական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նշել է, որ այնուամենայնիվ, Իսրայելը զեկույցի վերաբերյալ հանդես կգա «հատուկ վերապահումներով»:

XS
SM
MD
LG