Մատչելի հղումներ

Թուրքիայի ուժերը հատել են Իրաքի սահմանը՝ շարունակելով քուրդ ապստամբների դեմ ուղղված գործողությունները


Թուրքիայի ուժերը հատել են Իրաքի սահմանը՝ շարունակելով քուրդ ապստամբների դեմ ուղղված գործողությունները
Թուրքիայի ուժերը հատել են Իրաքի սահմանը՝ շարունակելով քուրդ ապստամբների դեմ ուղղված գործողությունները

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ընդլայնել են Իրաքի տարածքում կատարվող ռազմական գործողությունները:

Ռազմական այս գործողություններն իրականացվում են ի պատասխան Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների կողմից չորեքշաբթի օրը իրականացված հարձակման, որի արդյունքում զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 24 զինծառայող:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, քուրդ ապստամբներին հետապնդելու նպատակով ձեռնարկված հարձակումները վերածվել են ավելի լայնածավալ ռազմական գործողությունների: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Էրդողանն ասել է, թե իր երկրի զինված ուժերը ցամաքային և օդային վճռական հարվածներ կհասցնեն ահաբեկիչներին: Այս հարվածները, ըստ Էրդողանի, կազմում են ահաբեկչության խնդրին վերջնական լուծում տալուն ուղղված գործողությունների մասերից մեկը:

Իրաքի տարածք իրականացվող ներխուժման, ըստ Թուրքիայի զինված ուժերի տվյալների, մասնակցում է 22 գումարտակ, որոնց կազմում, փորձագետների կարծիքով, ընդգրկված է 10-ից 15 հազար զինծառայող, ինչը 2008 թվականից ի վեր Թուրքիայի ամենալայնածավալ ներխուժումն է հարևան երկրի տարածք:

Իրաքյան Քրդստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ներչիվան Բարզանին այցելել է Անկարա՝ բանակցություններ անցկացնելու նպատակով, որոնց ընթացքում խոստացել է համագործակցել Թուրքիայի հետ:

Այս հայտարարությանն ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե իր պետությունը բառերի փոխարեն հստակ գործողություններ է պահանջում:

Թուրքիայի կառավարությունը, որը ցանկանում է նվազեցնել այս երկրի հասարակության վրդովմունքը Քրդստանի աշխատավորական կուսակցության հարձակումներով, հավատարիմ է գրեթե երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը ռազմական լուծում գտնելուն:

Վերլուծաբանների համոզմամբ սակայն, քիչ է հավանական, որ Թուրքիայի վարչապետը Քրդստանի աշխատավորական կուսակցության ընդդեմ ուղղված գործողությունների նման միջոցներ ձեռնարկի երկրի քրդական օրինական հիմնական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն նկատմամբ: Էրդողանը մեղադրել է այս կուսակցությանը «ահաբեկչության ձայնը» լինելու համար և կոչ արել կուսակցության ղեկավարներին որպես ահաբեկչական դատապարտել ա Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունները:

«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը սակայն հրաժարվել է կատարել Էրդողանի պահանջը՝ փոխարենը հորդորելով երկու կողմերը դադարեցնել մարտական գործողությունները:

XS
SM
MD
LG