Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն չորեքշաբթի օրը մեկնարկելու է երկօրյա այցն Իրան, որի ընթացքում բանակցություններ կանցկացնի այս երկրի միջուկային ծրագրի շուրջ:
Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում քննարկվելու են նաև Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Դավութօղոլուի այցը կատարվում է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ավելանում է լարվածությունը՝ կապված Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների հետ, որոնց կարող են հետևել Եվրոպական Միության նման գործողությունները:
Պատժամիջոցների սահմանմանն Իրանն արձագանքել է՝ սպառնալով փակել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը և զգուշացրել, որ Պարսից ծոցում նախկինում տեղակայված ԱՄՆ-ի ավիակիրը պետք է հեռու մնա այս շրջանից:
Չինաստանի իշխանությունները չորեքշաբթի օրը քննադատության են ենթարկել Իրանի կենտրոնական բանկի հետ գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունների նկատմամբ ուղղված Միացյալ Նահանգների կողմից ընդունված պատժամիջոցները:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է միակողմանի պատժամիջոցներ ընդունելուն իր ընդդիմությունը՝ ասելով, որ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող խնդիրները հնարավոր է լուծել դիվանագիտական եղանակով:
Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պնդում են, որ Իրանն իրականացնում է միջուկային զենքի մշակման գաղտնի աշխատանքներ՝ քողարկելով դրանք խաղաղ նպատակով օգտագործվող միջուկային էներգիա զարգացնելու ծրագրով:
Իրանը սակայն պնդում է, որ իր կողմից իրականացվող միջուկային ծրագիրն ունի միմիայն խաղաղ նպատակներ: