Թուրքիայում «Facebook» կայքի 22,5 միլիոն անդամների մուտքը դեպի կայք շուտով կարող է արգելափակվել` ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից դատարան ներկայացված դիմումի պատճառով:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա գլխավորած կուսակցությունը հաղորդում են, թե պարզապես ցանկանում են, որ կայքից հեռացվեն վիրավորական նյութերը: Սակայն երկրի կառավարության անդամներից մեկն ասել է, որ «Facebook»-ը, «YouTube»-ի նման, շուտով կարող է հայտնվել Թուրքիայում արգելված կայքերի ցանկում:
«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը, ելույթ ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների տոնավաճառում, ասել է, որ Թուրքիայում «Facebook» կայքը արգելելու համար արդեն իսկ ընդունվել է դատարանի ավելի քան 30 որոշում: Նախարարը նշել է, որ «այդ որոշումներին ընդդեմ որևէ գործողություն չի ձեռնարկվել, դրանց կապակցությամբ «Facebook» կայքի որևէ ներկայացուցիչ վարչական մարմինների հետ չի հանդիպել և վերադաս դատարան չի դիմել»:
«Հուրիեթ» օրաթերթը հաղորդում է, որ Թուրքիայի տեղեկատվական միության իրավաբանական հարցերով խորհրդական Մեհմետ Ալի Քյոքսալի համաձայն, «վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի քաղաքական գործիչները չեն հասկանում սոցիալական ցանցերի էությունը: Web 2.0 ծրագրային ապահովում օգտագործող ցանկացած կայքին, որում այցելուները կարող են սեփական բովանդակություն ստեղծել, Թուրքիայում սպառնում է արգելափակման վտանգը»:
Այլ մեկնաբաններ Ինտերնետային կայքերի արգելափակումները գնահատում են որպես քաղաքական ավելի ընդարձակ ռազմավարության բաղադրիչներից մեկը: