Մատչելի հղումներ

Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել Բրյուսելում


«Ինչ խնդիր էլ չլինի, կարծում ենք, որ նման խնդիրներին լուծում գտնելիս պետք է հարգել իրավունքի գերակայության և իշխանությունների բաժանման սկզբունքները». , - շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հինգ տարվա ընթացքում իր առաջին այցելություններ է կատարել Բրյուսել, խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպական Միության առաջնորդների կողմից՝ երկրում կաշառակերության մեղադրանքներով մեկնարկած հետաքննության պատճառով Թուրքիայի դատական իշխանության ներկայացուցիչների և ոստիկանության ծառայողների դեմ ուղղված հետապնդումների իրականացման համար:

Թուրքիայում իրականացվող բռնությունները լարվածություն են ստեղծել Եվրամիության հետ հարաբերություններում հենց այն ժամանակ, երբ Եվրամիությանը միանալու Թուրքիայի ձգտումները սկսել էին նոր թափ հավաքել:

«Կարևոր է երաշխավորել, որ երկրի դատական մարմինները գործեն առանց խտրականության կամ նախապատվություններ տալու», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, դիմելով վարչապետ Էրդողանին, նշել է, որ իրավունքի գերակայության և դատական մարմինների անկախության սկզբունքի նկատմամբ հարգանքն ընկած է ժողովրդավարության հիմքում և հանդիսանում է Եվրամիության անդամակցության պարտադիր պայմաններից մեկը:

«Ինչ խնդիր էլ չլինի, կարծում ենք, որ նման խնդիրներին լուծում գտնելիս պետք է հարգել իրավունքի գերակայության և իշխանությունների բաժանման սկզբունքները», - շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Թուրքիայի վարչապետն իր հերթին քննադատել է Եվրամիության առաջնորդներին Թուրքիայում առկա խնդիրները հրապարակավ բարձրացնելու համար, սակայն ընդհանուր առմամբ զուսպ էր իր արտահայտությունների մեջ՝ ըստ էության հաշվի առնելով ֆինանսական շուկաներում տիրող անհանգստությունը Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ցնցումներով, որոնց հետևանքով երկրի արժույթի՝ լիրայի փոխարժեքն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ իջել է ռեկորդային ցածր մակարդակների:

«Նման քննադատությունը ԶԼՄ-ների միջոցով արտահայտելու փոխարեն մենք պետք է դրանք քննարկենք համապատասխան նախարարությունների միջոցով անցկացվող երկկողմանի բանակցություններում», - ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ Բրյուսել կատարվող իր այցի ընթացքում:
XS
SM
MD
LG