Մատչելի հղումներ

Թուրքիան ու Եգիպտոսը առաջին քայլերն են ձեռնարկում դեպի հարաբերությունների կարգավորում


Turkey Egypt Syria
Turkey Egypt Syria

Վերլուծաբանների կարծիքով Էրդողանը փորձում է իր ազդեցությամբ փոխել Մուրսիի ու նրա կողմնակիցների նկատմամբ Եգիպտոսում կայացված մահվան դատավճիռները, և նույնիսկ ապահովել համաներում, գին, որը Թուրքիան պահանջում է Եգիպտոսից դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Այս շաբաթ Անկարան ողջունել է Լիբիայի ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբում Կահիրեի մասնակցությունը: Այս հայտարարությունը հաջորդել է այն հաղորդագրություններին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է լավացնել հարաբերությունները Եգիպտոսի հետ: Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունները ընդհատվեցին, երբ Եգիպտոսի զինվորականները պաշտոնազրկեցին երկրի նախկին նախագահ, Էրդողանի սերտ դաշնակից՝ Մոհամեդ Մուրսիին:

՝՝Ջումհուրիեթ՛՛ թերթի ու ՝՝Ալ-Մոնիթոր՛՛ կայքի քաղաքական սյունակագիր Սեմիհ Իդիզը՝ նշել է, որ Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների վերականգնման ցանկության մասին տեղեկատվությունը հաջորդել է իր բոլոր հարավային հարևանների ու Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը։

Ըստ Իդիզի, Մերձավոր Արևելքում մեկուսացումն է ստիպել Թուրքիային վերականգնել նախկինում կորսված որոշ կապեր: Անկարայի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ նշանակալիորեն բարելավվել են Սաուդյան Արաբիայի նոր արքա Սալմանի օրոք: Երկու երկրները սերտորեն համադրում են իրենց աջակցությունը սիրիացի ապստամբներին:

Ստամբուլի Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Սոլի Օզելը ասել է, որ Եգիպտոսի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի քայլերը կապված են Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների սերտացման հետ:

Նրա խոսքերով, Թուրքիան անկարող է խորացնել իր սերտ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ և միևնույն ժամանակ թշնամական հարաբերություններ պահպանել Սաուդյան Արաբիայից ֆինանսավորում ստացող Եգիպտոսի հետ. «Հիշենք, որ երեք երկրներն էլ ընդհանուր թշնամի են համարում Իրանը», - ասել է Սոլի Օզելը:

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը մտահոգված են, որ Իրանի հզորությունը տարածաշրջանում ավելի է աճելու միջազգային պատժամիջոցների վերացման պատճառով: Երեք երկրների ղեկավարները հնարավորություն կունենան միմյանց դեմ առ դեմ հանդիպել Ստամբուլում ապրիլին կայանալիք Իսլամական երկրների կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։

Վերլուծելով Իդիզը նշել է, թե Էրդողանը տեղյակ է, որ Եգիպտոսի հետ հարաբերությունների բարելավումը զգայուն հարց է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համար՝ հաշվի առնելով «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետևորդների նկատմամբ Եգիպտոսի կառավարության վերաբերմունքը։:

«Հարաբերությունների ամբողջական վերականգնումը այսպիսի ժամանակներում, կարծում եմ, լավ չի ընկալվի կառավարող Արդարություն ու զարգացում կուսակցության շարքային անդամների կողմից», - ասել է Իդիզը:

Սակայն Գազայի գոտու հանդեպ Կահիրեի խիստ դիրքորոշումը նույնպես դիտարկվում է իբրև հարաբերությունների վերականգնումը ավելի բարդացնող, դժվարացնող հանգամանք՝ հաշվի առնելով, որ Անկարան նեցուկ է Գազայում գործող Համաս կազմակերպության կառավարությանը:

Ըստ Սոլի Օզելի, Եգիպտոսի մահվան դատապարտված նախկին նախագահ Մուրսիի բախտը այդ հարաբերությունների կարգավորման բանալին է. «Եթե նրանք Եգիպտոսում կախաղան բարձրացնեն Մուրսիին, համոզված եմ, շատ դժվար կլինի պահպանել այս վերակենդանացող հարաբերությունները», - նշել է Օզելը:

Վերլուծաբանների կարծիքով, Էրդողանը փորձում է իր ազդեցությամբ փոխել Մուրսիի ու նրա կողմնակիցների նկատմամբ կայացված մահվան դատավճիռները և նույնիսկ ապահովել համաներում. Գին, որը Եգիպտոսը կվճարի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար: Սակայն, քանի որ Անկարան շատ մոտ է «հեռացված» նախկին դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները նորոգելուն, մեկուսացումից դուրս գալու համար Եգիպտոսի հետ այն ի վերջո կարող է գնալ փոխզիջման։

XS
SM
MD
LG