Մատչելի հղումներ

Թուրքիայում արգելափակվել է մուտքը դեպի «Թվիթեր» կայքը


Թուրքիայի հեռահաղորդակցման ոլորտը կարգավորող մարմնի համաձայն, մուտքը դեպի կայքը կվերականգնվի այն ժամանակ, երբ «Թվիթեր»-ից կհեռացվի «անօրինական ամբողջ բովանդակությունը»

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են օգտատերերի մուտքը դեպի «Թվիթեր» սոցիալական կայքը՝ տեղական մակարդակի վրա մի քանի օրից կայանալիք ընտրություններից առաջ, որոնց նախապատրաստական փուլն անցնում է երկրում կաշառակերության հետ կապված չդադարող սկանդալի ֆոնի վրա:

Թուրքիայի ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» կուսակցության համաձայն, այն նախատեսում է բողոքարկել «Թվիթեր»-ից օգտվել արգելելու մասին դատարանի կողմից կայացված որոշումը:

Կուսակցությունը, բացի այդ, նախատեսում է քրեական գործ հարուցել ընդդեմ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անհատների ազատությունը խախտելու մեղադրանքների հիման վրա:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը նախօրեին կայացած նախընտրական հավաքի ընթացքում ասել է, թե «Թվիթեր» կայքի դեմ գործողություններ կձեռնարկվեն «անկախ այն բանից, թե ինչ է ասելու միջազգային հանրությունը»:

Թուրքիայի հեռահաղորդակցման ոլորտը կարգավորող մարմնի համաձայն, մուտքը դեպի կայքը կվերականգնվի այն ժամանակ, երբ «Թվիթեր»-ից կհեռացվի «անօրինական ամբողջ բովանդակությունը»:

Արձագանքելով Թուրքիայում «Թվիթեր»-ի կայքի արգելափակմանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ուրբաթ օրն ասել է, որ ազատ հաղորդակցման և հաղորդակցման միջոցների ազատ ընտրությունը ԵՄ-ի հիմնարար արժեքներից է:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլի Քորեսը «անհիմն, աննպատակ և փոքրոգի» է անվանել Թուրքիայի իշխանությունների կողմից «Թվիթեր»-ի դեմ ուղղված գործողությունները:
XS
SM
MD
LG