Բաքվում Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, թե ՝՝ավելի լավ կլիներ, որ Ֆրանսիան հրաժարվեր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի իր պարտականություններից՛՛։ Ինչպես թուրքական ՝՝Անադոլու՛՛ լրատվական գործակալությունն է հաղորդում, դեսպանության հայտարարությունը դատապարտում է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հաստատման փաստը՝ այն անվանելով ՝՝վիրավորանք թուրք ժողովրդին՛՛։
Դեսպանության հայտարարության մեջ ասված է, թե նման օրենքը չի կարող նպաստել ո՛չ հայ-թուրքական, եւ ո՛չ էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին, այլ կարող է ավելի կխորացնել թշնամանքը ժողովուրդների միջեւ։
Ֆրանսիային դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովը, որտեղ հրապարակված հայտարարության համաձայն, ՝՝օրինագիծը կարող է դառնալ դեպի մութ դարեր վերադառնալու խորհրդանիշ, երբ կիրառվում էր գիլեոտինը՛՛։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Ֆրանսիայի մահմեդական խորհրդի փոխնախագահ Հեյդար Դեմիրյուրեքն ասել է, թե այս կազմակերպութան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ինքն իրենց մտահոգություններն է հայտնել Սարկոզիին, որից հետո Սարկոզին խոստացել է հանդիպումներ անցկացնել թուրքերի հետ՝ լսելու համար նրանց կարծիքը։