Մատչելի հղումներ

Սիրիայի ռազմական օդանավերը ռմբակոծել են ապստամբների կողմից գրավված քաղաքը


ՄԱԿ-ի հանձնակատար Բրահիմին հորդորել է Իրանին աջակցություն ցուցաբերել Սիրիայում զինադադարի հաստատման հարցում

Սիրիայի ակտիվիստների համաձայն, կառավարական ռազմական օդանավերը ռմբակոծել են ապստամբների կողմից գրավված ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» և «Տեղական համակարգման հանձնաժողով» կազմակերպությունները երեքշաբթի օրը հայտնել են Մաարեթ ալ-Նուման քաղաքի որոշ շրջանների ռմբակոծության մասին: Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում գտնվող այս քաղաքը ռազմավարական դիրք է զբաղեցնում Դամասկոսն ու Հալեպն իրար միացնող մայրուղու մոտակայքում:

Ապստամբները հայտնել են նաև երեքշաբթի օրը երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում տեղի ունեցող կատաղի մարտերի մասին:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից երկրում իրավիճակի վատթարացման մասին հնչեցվող նախազգուշացումների:

Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «իրավիճակը Սիրիայում օրեցօր վատթարանում է և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը»:

Բրահիմին հորդորել է Իրանին աջակցություն ցուցաբերել մահմեդական «Էյդ ալ-Ադհա» տոնի ընթացքում Սիրիայում զինադադարի հաստատման հարցում:

Հանձնակատար Բրահիմիի հետ Բաղդադում հանդիպում ունեցած Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին վերահաստատել է Սիրիայում հակամարտությունն արագ լուծելու մասին կոչերը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սզյուզան Ռայսը, հանդես գալով կազմակերպության Անվտանգության խորհրդի առջև, ասել է, որ Սիրիայում ստեղծված «սարսափազդու» իրավիճակը վատթարանում է, և որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ապստամբների ուղղությամբ իրականացվող գրոհները միմիայն հզորացնում են վերջիններին:

Դեսպան Ռայսն ասել է նաև, որ Սիրիայում չդադարող հակամարտությունն իրական վտանգ է տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև «մարտահրավեր»՝ այս երկրի հարևանների համար:
XS
SM
MD
LG