Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարական ուժերն ուսումնական հաստատություն են ռմբակոծել


Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով փորձագետները կիրակի օրը մեկնարկել են տեսչական այցերը

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքներից մեկի տեխնիկական բարձրագույն դպրոցի ուղղությամբ կառավարական օդուժի կողմից իրականացված ռմբակոծության մասին:

Կազմակերպության համաձայն, Հալեպից 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռաքա քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցի ուղղությամբ իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Զոհերի մեծ մասը կազմել են ուսումնական հաստատության 18 տարին չբոլորած սաները:

Ռաքա քաղաքն այս տարվա մարտ ամսից գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների վերահսկողության տակ:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ը նախօրեին հայտնել էր, որ ապստամբները, «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորման անդամների մասնակցությամբ, չորս օր տևած մարտերից հետո գրավել են Հորդանանի հետ սահմանի մոտակայքում գտնվող կառավարական ռազմական մի հենակետ: Սիրիայի պաշտոնյաների համաձայն, բախումների զոհ է գնացել Սիրիայի զինված ուժերի 26 զինծառայող և ապստամբների կողմից մարտեր վարող օտարերկրյա առնվազն յոթ մարտիկ:

Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով փորձագետները կիրակի օրը մեկնարկել են տեսչական այցերը: ՄԱԿ-ի տեսուչները կայցելեն յոթ այն տեղանք, որտեղ, ըստ հաղորդագրությունների, քիմիական զենք է կիրառվել:

ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով փորձագետների այս խումբը գործում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչների խմբից զատ: Այս կազմակերպության տեսուչները գալիք մի քանի օրվա ընթացքում կմեկնարկեն աշխատանքը՝ ուղղված Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման:
XS
SM
MD
LG