Սիրիայի զինված ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ պաշարել են ապստամբների ձեռքում գտնվող Հալեպի թաղամասերը: Երկու կողմերի միջև կատաղի կռիվները նշանակում են փետրվարի 27-ի զինադադարի խախտում: Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում խախտման համար:
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մարք Թոները կոչ է արել կռվող կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը ահաբեկչական խմբերի դեմ պայքարի վրա.
«Պետքարտուղար Քերրին իրապես հայտնել է այս մտահոգությունները արտգործնախարար Լավրովին և քննարկել է, թե ինչպես հաստատուն դարձնել զինադադարը առաջիկա օրերի ընթացքում՝ կանխելով բռնությունների ծավալումը: Դա ներառում է տարբեր կռվող խմբավորումների տեղորոշման պարզումը, ինչպես նաև ընդհանուր ջանքերի կենտրոնացումը «Դաեշի» և «Նուսրայի» դեմ պայքարում, ովքեր չեն ստորագրել թշնամական գործողությունների դադարեցման վերաբերյալ զինադադարը», - ասել է Թոները:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան Դը Միսթուրան հանդիպումներ է ունենում տարածաշրջանում շահագրգիռ երկրների, ինչպես նաև՝ հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ՝ նախապատրաստելով Ժնևում այս շաբաթ վերսկսվող բանակցությունների նոր փուլը:
«Ժնևի բանակցությունների հաջորդ փուլը չափազանց կարևոր է, քանի որ մենք պետք է կենտրոնանանք մասնավորապես իշխանության փոխանցման,, կառավարման և սահմանադրական սկզբունքների հաստատման վրա», - ասել Դը Միսթուրան: Սիրիան պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին:
«Մեծ թվով թեկնածուների առկայությունը ցուցադրում է, որ ավելի շատ սիրիացիներ ցանկություն ունեն մասնակցել քաղաքական գործընթացում: Բոլորը ցանկանում են ճիշտ լուծումներ գտնել քաղաքական առաջընթացի համար», - ասել է քաղաքական վերլուծաբան Մոհամմադ Ալոմարին:
Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին բարդացնում է բանակցությունները, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ Ասադը չի կարող որևէ դեր ունենալ անցումային կառավարությունում:
Սակայն նոր ժողովրդավարական հասարակությունում հասարակ մարդիկ են ընտրությունների միջոցով որոշելու, արդյոք իրենք ցանկանում են Ասադին իբրև նախագահ, թե՝ ոչ: