Մատչելի հղումներ

Սիրիայում զինադադարը կարող է վերածվել խաղաղության


Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի, հաջորդ մի քանի օրերը բախտորոշ կլինեն Սիրիայի հնգամյա հակամարտության ապալարման համար:

Երկուշաբթի օրը երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոն այցելած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ հաջորդ մի քանի օրերը բախտորոշ կլինեն Սիրիայի հնգամյա հակամարտության ապալարման համար:

Զինադադարը հաստատված է կառավարամետ ուժերի ու ընդդիմադիր ուժերի միջև, սակայն այն չի ընդգրկում «Իսլամական պետություն» կամ «Ալ Կաիդայի» մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» ծայրահեղական խմբավորումները:

Քերիի խոսքերով, ինքը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայնել են, որ շաբաթ օրը զինադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր, եղել են խախտման մի շարք դեպքեր.

«Մենք համաձայնեցինք, որ չնայած մի շարք խախտումների, որոնց մասին հաղորդագրություններ են ստացվել երկու կողմերից, ու չնայած այն հանգամանքին, որ մենք դրանց շատ լուրջ ենք վերաբերվում, չենք ցանկանում այս հարցերը հրապարակայնորեն քննարկել մամուլում, և աշխատելու ենք միասին՝ վերացնելու նման խախտումները։ Եվմենք համաձայնության ենք եկել այն ընթացակարգի շուրջ, որով մենք կանենք դա», - ասել է Քերրին:

Խնդրով զբաղվող դիտարկման խումբը երկուշաբթի օրը հանդիպել է Ժնևում և ըստ Քերրիի՝ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։

Դիտարկման խմբի հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ասել է, որ չնայած որոշ միջադեպերի, զինադադարը հիմնականում պահպանվել է:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը երկուշաբթի օրն ասել է, որ եթե զինադադարը ճշգրիտ պահպանվի, այն կարող է իջեցնել բռնությունների մակարդակը տարածաշրջանում և հնարավոր է վերջ դնի պատերազմին. «Շատ ցանկալի կլինի եթե այս ամենը, ինչը ընդամենը զինադադար է հիմա, տանի դեպի Սիրիայի քաղաքացիական պատերազմի դադարեցում և կարգավորման պայմանների ստեղծում», - ասել է Քարթերը:

Երկուշաբթի օրը զինադադարի խախտման դեպքերն ավելացելէին: Ըստ ընդդիմադիրների, կառավարական ուժերը ու նրանց դաշնակիցները 24 անգամ խախտել են զինադադարը: Ըստ ռուսական դիտորդական առաքելության, կիրակի օրը զինադադարի խախտման ինը դեպք է գրանցվել՝ մեծմասամբ՝ ապստամբների կողմից:

XS
SM
MD
LG