Մատչելի հղումներ

Աշխարհը պատրաստվում է Սիրիական ճգնաժամի կարգավորմանը


Մոսկվայում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և քննարկել արդեն երեք շաբաթ շարունակվող համատեղ ռազմարշավը: Միաժամանակ ԱՄՆ ու Թուրքիան բանակցություններ են վարում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չէր մեկնել արտասահման 2011 թվականից ի վեր։ Այդ նույն թվականին էր, որ երկիրը ներքաշվեց քաղաքացիական պատերազմի հորձանուտը, պատերազմ, որը թողել է ավելի քան 240 000 սպանված, 12 միլիոն տեղահանված ու 2 միլիոն փախստական:

Երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, Ասադը շնորհակալություն է հայտնել Մոսկվային Ռուսաստանի կողմից տրամադրվող օգնության համար, ասելով,որ առանց այդ օգնության ահաբեկչությունը կտարածվեր ավելի մեծ տարածքների վրա:

Պուտինը պատասխանել է, որ բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում պետք է հանգեցնեն քաղաքական գործընթացի:

«Մենք կարծում ենք, որ, հիմնվելով ռազմական գործողությունների ընթացքի և միտումների վրա, երկարատև կարգավորման կարելի է հասնել քաղաքական գործընթացի դեպքում, որը կընդգրկի բոլոր քաղաքական ուժերին, ազգային ու կրոնական խմբերին: Եվ վերջնական խոսքը պետք է անկասկած ասի Սիրիայի ժողովուրդը», - ասել է Պուտինը:

Սիրիայի կառավարությունը բոլոր ապստամբներին անվանում է ահաբեկիչներ և Ռուսաստանը ԱՄՆ-ի ու այլ երկրների կողմից քննադատության է ենթարկվում ապստամբների դիրքերին առանց տարբերակման հարվածներ հասցնելու և «Իսլամական պետություն» խմբավորման վրա չկենտրոնանալու համար:

Երեքշաբթի Ռոյթերս գործակալության տվյալներով Ասադի ամենաոխերիմ թշնամիներից Թուրքիան իր պաշտոնյայի միջոցով հայտնել էր, որ Թուրքիայի համար ընդունելի կլինի Ասադի կողմից ժամանակավոր՝ կես տարի իշխանության գլուխ մնալը, մինչև Սիրիայում կարգավորման վերաբերյալ նոր քաղաքական համաձայնության ձեռքբերումը, եթե Ասադի հրաժարականը երաշխավորվի: Թուրքիան ԱՄՆ-ի հետ նման համաձայնության է եկել Սիրիայի ապագայի վերաբերյալ բանակցություններում: Թուրք պաշտոնյան, որ հայտնել է այդ մասին, խնդրել է չհրապարակել իր անունը

Պուտինի ու Ասադի բանակցությունները կայացել են նույն օրը, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ենթակառուցվածք է ապահովելու Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միմյանց միջև «անվտանգ տարածություն» պահպանելու համար:

Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվել է ճշգրիտ նշել, որն է այդ անվտանգ տարածության համար նախատեսված հեռավորությունը: Քուքը ասել է, որ Ռուսաստանը խնդրել է չհրապարակել հուշագրի ամբողջ տեքստը:

«Ռոյթերս» գործակալության տվյալների համաձայն՝ նախապատրաստվում է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի հանդիպումը, ուր քննարկվելու է Սիրիայում կարգավորման նոր ծրագիրը: Ասադի այցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան բանակցությունները տեղի են ունենում այդ համատեքստում:

XS
SM
MD
LG