Մատչելի հղումներ

Սիրիայի շուրջ խաղաղության բանակցություններում որևէ առաջընթաց չի ակնկալվում


Երկու կողմերի միջև պահպանվում են տարաձայնությունները նույնիսկ այն հարցի շուրջ, թե ինչ խնդիրներ է պետք քննարկել բանակցությունների ընթացքում

Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև անցկացվող խաղաղության բանակցությունները կավարտվեն ուրբաթ օրը, սակայն դրանց ընթացքում, ըստ էության, չի գրանցվի որևէ առաջընթաց, որը կարող է նպաստել երկրում արդեն երեք տարվանից ավելի շարունակվող քաղաքական պատերազմի ավարտին:

Երկու կողմերի միջև պահպանվում են տարաձայնությունները նույնիսկ այն հարցի շուրջ, թե ինչ խնդիրներ է պետք քննարկել բանակցությունների ընթացքում:

ՄԱԿ-ի բանագնաց Լախդար Բրահիմին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագետների հետ անցկացված քննարկումներից հետո նշել է, որ «բանակցություններում որևէ առաջընթաց չի գրանցվում»:

«Մենք միշտ դեմ առ դեմ ենք կանգնած անհաջողության հետ: Ինչ վերաբերվում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ապա մենք առանց ուսումնասիրման չենք թողնի առաջ ընթանալու բոլոր հնարավորությունները», - ասել էր Բրահիմին:

Սիրիայի ընդդիմության առաջնորդներն այս շաբաթվա ընթացքում երկրում ժամանակավոր կառավարության ստեղծման մասին իրենց ծրագրում խուսափել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անունը հիշատակելուց:

Շատերի համար այս քայլը զիջում է համարվել, քանի որ ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ առանց նախագահ Ասադի հրաժարականի հնարավոր չի լինի քննարկել որևէ հարց:

Դամասկոսը սակայն հրաժարվել է նույնիսկ քննարկել ընդդիմության ծրագիրը՝ նշելով, որ այն շեղում է բանակցությունների մասնակիցների ուշադրությունը ահաբեկչության դեմ պայքարից, ինչը, ըստ Սիրիայի կառավարության ներկայացուցիչների, համարվում է Ժնևում անցկացվող քննարկումների հիմնական նպատակը:

Սպասվում է, որ ուրբաթ օրը Բրահիմին կանցկացնի միայն առանձին հանդիպումներ Սիրիայի կառավարության և ապստամբների խմբերի հետ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բացի այդ, այսօր կշարունակի քննարկել բանաձևի այն նախագիծը, որտեղ, ի թիվս այլոց, «խիստ անհանգստություն» է արտահայտվում Սիրիայի կառավարական ուժերի կողմից շրջափակման մեջ գցած քաղաքացիական անձանց կացության կապակցությամբ:

Սիրիայի կառավարության հիմնական դաշնակից Ռուսաստանը սակայն սպառնացել է վետոյի իրավունք կիրառել բանաձևի նկատմամբ՝ անվանելով այն չափազանց միակողմանի և ուղղված Սիրիայի կառավարության դեմ:
XS
SM
MD
LG