Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Թուրքիայի սահմանի մոտ ընդդիմության կողմ անցած զինծառայողների հետ բախումների պատճառով զոհվել է Սիրիայի զինված ուժերի չորս զինծառայող:
Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, այս բախումները հինգշաբթի օրը տեղի են ունեցել Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավիյա շրջանում:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ, չընդունելով Սիրիայի կառավարությանը դաժան բախումների համար քննադատող բանաձև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կատարել իր պարտականությունը:
Չնշելով Ռուսաստանի և Չինաստանի անունները, Քլինթընը չորեքշաբթի օրն ասել է, որ երկու պետությունները պետք է «Սիրիայի ժողովրդին բացատրություն ներկայացնեն՝ իրենց կողմից բանաձևի ընդունման նկատմամբ վետոյի իրավունքը կիրառելու համար:
Մոսկվան և Պեկինը երեքշաբթի օրը վետո են կիրառել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի կողմից մշակված բանաձևի նկատմամբ՝ առաջացնելով Միացյալ Նահանգների և Եվրոպական պետությունների զայրույթը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն չորեքշաբթի օրը դատապարտել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի գործողությունները՝ որպես «բռնապետի, որը սպանդի է ենթարկում իր սեփական ժողովրդին»:
Ժյուպեն խոստացել է սատարել Սիրիայի ժողովրդի ջանքերը՝ «Սիրիայում իշխանության գլուխ կանգնած բռնապետի դեմ ուղղված պայքարում»: