Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը նախապատրաստվում է ուրբաթօրյա բողոքի ցույցերի


Սիրիայի ընդդիմությունն ուրբաթ օրը պատրաստվում է բողոքի զանգվածային ցույցերի անցկացման:

Երկրի իշխանությունների դեմ հանդես եկող ակտիվիստներն ուրբաթ օրը հորդորել են ցուցարարներին փողոց դուրս գալ Հալեպի համալսարանի «հերոսներին սատարելու» կարգախոսով՝ աջակցություն ցուցաբերելով համալսարանի այն ուսանողներին, որոնց կողմից հինգշաբթի օրը կազմակերպված ցույցի ընթացքում երկրի անվտանգության ուժերը բռնությունների են դիմել:

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են նաև, որ կառավարական ուժերը հրետանային հուժկու կրակ են բացել Հոմս նահանգում գտնվող ընդդիմության հենակետ Ռասթան քաղաքի ուղղությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հինգշաբթի օրն անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, համոզմունք է հայտնել, որ Դամասկոսում անցյալ շաբաթ 55 զոհի պատճառը դարձած ահաբեկչական զույգ ռմբակոծությունների իրականացման հետևում կանգնած էր «ալ-Քայիդա»-ն:

Գլխավոր քարտուղարի համաձայն, ահաբեկչական այս կազմակերպության հնարավոր ներգրավվածությունը Սիրիայում «շատ լուրջ խնդիրներ է ստեղծում»՝ հավելելով նաև, որ երկրում արդեն 15 ամիս շարունակվող ապստամբության զոհերի թիվը հասել է մոտ 10 հազարի:

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդն ուրբաթ օրը մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում «մտահոգիչ զարգացում» է անվանել երկրում «ալ-Քայիդա»-ի ներկայությունը:

«Մտահոգություն են առաջացնում քաղաքացիական անմեղ անձանց դեմ ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգտագործման դեպքերը», - ասել է գեներալ-մայոր Մուդը:

XS
SM
MD
LG