Մատչելի հղումներ

Սիրիայի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի հանձնակատարին


Սիրիայի նախագահ Ասադը զգուշացրել է ՄԱԿ-ի հանձնակատարին, որ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով բանակցությունների անցկացումը կարող է հաջողությամբ պսակվել միայն այն դեպքում, եթե այլ պետությունները դադարեցնեն ապստամբների խմբավորումներին տրամադրվող աջակցությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զգուշացրել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմիին, որ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով բանակցությունների անցկացումը կարող է հաջողությամբ պսակվել միայն այն դեպքում, եթե այլ պետությունները դադարեցնեն ապստամբների խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:

Այս հայտարարությամբ նախագահ Ասադը հանդես է եկել Բրահիմիի հետ Դամասկոսում անցկացված հանդիպման ընթացքում: Սիրիա կատարվող այս այցը մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների հանձնակատարի արդեն երրորդ այցն է, որն իրականացվում է այսպես կոչված «Ժնև-2» խաղաղության բանակցություններին ի սատար անցկացվող տարածաշրջանային շրջագայության շրջանակներում:

Լախդար Բրահիմին չորեքշաբթի օրվա սկզբին հանդիպում է անցկացրել նաև Սիրիայում Իրանի դեսպան Մուհամադ Ռիդհա Շեյբանիի հետ:

Հանձնակատար Բրահիմին ավելի վաղ առաջարկել էր, որպեսզի Իրանը ներառվի Սիրիայում խաղաղության հաստատմանը նվիրված համաժողովի աշխատանքներին:

Սիրիայում 2011 թվականի մարտից սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվածների թիվն արդեն գերազանցել է 100 հազարը, մի քանի միլիոն մարդ ստիպված էին եղել լքել իրենց տները՝ դառնալով փախստական:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հաստատել էր Սիրիայի հյուսիս-արևելքում փոքրահասակ երեխաների շրջանում գրանցված պոլիոմիելիտի տասը դեպքերը:

ԱՀԿ-ը երեքշաբթի օրը տեղեկացրել էր նաև, որ պոլիոմիելիտի ախտանիշներ ունեցող ևս 12 երեխայի մոտ վերցրած նմուշներն ուսումնասիրվում են, և արդյունքները կտրամադրվեն գալիք մի քանի օրվա ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս ամսվա սկզբին զգուշացրել էր, որ երկրում արդեն երկու տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծված հակասանիտարական պայմանների պատճառով պոլիոմիելիտի համաճարակի վտանգը չափազանց բարձր է:
XS
SM
MD
LG