Մատչելի հղումներ

Սիրիայի նախագահ Ասադը կմասնակցի երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին


Սիրիայում ավելի վաղ մեկնարկել է հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր թեկնածությունը կդնի այս երկրում հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին՝ նախագահի պաշտոնի համար արդեն երրորդ անգամ մրցելու նպատակով:

Այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է Սիրիայի խորհրդարանի խոսնակը: Վերջինս ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրում մեկնարկել է հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումը, որի արդյունքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը հնարավորություն կստանա ևս յոթ տարով զբաղեցնել նախագահի պաշտոնը:

Սիրիայի նախագահ Ասադն իշխանության գլուխ է կանգնած 2000 թվականից՝ իր հայր Հաֆեզ ալ-Ասադի մահվանից հետո, որը մոտ 30 տարի զբաղեցրել էր երկրի ղեկավարի պաշտոնը: Բաշար ալ-Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել էր 2007 թվականին՝ հավաքելով քվեարկողների ձայների 97 տոկոսը: Այս ընտրությունների ժամանակ Ասադը եղել էր միակ թեկնածուն, քանի որ երկրի ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները:

Բաշար ալ-Ասադը 2011 թվականի մարտից պայքար է մղում իր հրաժարականը պահանջող ապստամբների հետ: Այդ ժամանակ Սիրիայում մեկնարկած խաղաղ ցույցերը հետագայում վերածվել են ավելի քան 150 հազար մարդու կյանքը խլած հակամարտության:

Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմի պատճառով 2,6 միլիոն մարդ լքել է երկիրը, իսկ ևս 6,5 միլիոն մարդ ստիպված էր եղել լքել իրենց տները՝ փախուստի դիմելով երկրի այլ վայրեր:

Սիրիայում Թուրքիայի սահմանամերձ շրջանում գտնվող Քեսաբ հայաբնակ քաղաքի ուղղությամբ իսլամիստների կողմից անցյալ ամսվա կեսերին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով մոտակա Լաթաքիա և Բասիթ քաղաքներ փախուստի էին դիմել քաղաքի սիրիահայ բնակիչները:
XS
SM
MD
LG