Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Քաբուլում՝ ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով


Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանում գործող զինյալների «Հեզբ-է-Իսլամի» խմբավորումը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:

Երկրի ոստիկանության կողմից հաղորդած տեղեկությունների համաձայն, Քաբուլի օդանավակայանի մոտակայքում երեքշաբթի օրն իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է օտարերկրյա ինը աշխատող, Աֆղանստանի քաղաքացի մեկ վարորդ և երկու այլ անձ:

Ահաբեկչական այս հարձակումն իրականացվել է դեպի օդանավակայան տանող ճանապարհին օտարերկրյա աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսի մոտակայքում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա պայթեցնելու միջոցով:

Ըստ Աֆղանստանի իշխանությունների, զոհվածների թվում կային օդանավակայանում աշխատանքներ իրականացնող մասնավոր ընկերությունում աշխատող Հարավային Աֆրիկայի Հանրապետության և Ռուսաստանի քաղաքացիներ:

Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանում գործող զինյալների «Հեզբ-է-Իսլամի» խմբավորումը, որի համաձայն ահաբեկչական այս գործողությունն իրականացվել է կին ահաբեկչի կողմից՝ «ի պատասխան հակամաիսլամական ֆիլմի», որը բողոքի զանգվածային ցույցեր է հրահրել մահմեդական բազմաթիվ երկրներում, ներառյալ Աֆղանստանը:

ՆԱՏՕ-ն իր հերթին երեքշաբթի օրը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ նվազեցնում է Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ համատեղ իրականացվող գործողությունների ծավալը՝ ի պատասխան այս երկրում դաշինքի զինծառայողների ուղղությամբ վերջերս իրականացված հարձակումների, ինչպես նաև հակաիսլամական ֆիլմի հետ կապված իրադարձությունների պատճառով:

Դաշինքի խոսնակի համաձայն, գործընկերության շրջանակներում խորհրդատվությունն այժմ հիմնականում կիրականացվի՝ սկսած գումարտակի մակարդակից, իսկ ավելի ցածր մակարդակի վրա խորհրդատվության կարիքը կգնահատվի՝ ըստ նման խորհրդատվության տրամադրման անհրաժեշտության:
XS
SM
MD
LG