Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը կարող է հաջողությամբ ավարտվել միայն Հայաստանից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման դեպքում, այլապես այս գործընթացն անիմաստ է:
Այս եզրակացությանն է հանգել «STRATFOR» ամերիկյան վերլուծական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջորջ Ֆրիդմանը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, թուրքական «ATV» հեռուստաընկերությանը և «Սաբահ» թերթին տված հարցազրույցում Ֆրիդմանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիային պետք չէ Հայաստանի հետ քննարկել ղարաբաղյան խնդիրը:
«Հայաստանի հետ Թուրքիան պետք է խոսի ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանում Ռուսաստանի դերը նվազեցնելու մասին: Հայաստանում Ռուսական զորքերի ներկայությունը չի համապատասխանում Թուրքիայի շահերին: Այդպիսի պայմաններում Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային որևէ օգուտ չի բերելու: Հակառակը` Թուրքիան կարող է վատթարացնել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Այս դեպքում Հայաստանին կարելի է թողնել մեկուսացված», - եզրակացրել է Ֆրիդմանը:
Միաժամանակ, Ֆրիդմանը Թուրքիայի ներկայիս հզորությունը համեմատել է ԱՄՆ-ի 1930-1940 թվականների հզորության հետ: «Թուրքիան ունի ուժեր, սակայն չունի այդ ուժերն ուղղորդող կառույցներ: Դա այն է, ինչի վերաբերյալ պետք է մտածի Թուրքիան», - ասել է «STRATFOR»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջորջ Ֆրիդմանը: