Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալն այցելել է Բաքու


ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալն այցելել է Բաքու
ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալն այցելել է Բաքու

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմամբ` միջազգային իրավունքի և Հելսինկյան սկզբունքների հիման վրա։

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, Ջեյմս Սթայնբերգը կարևորել է հակամարտության դիվանագիտական ճանապարհով լուծումը, ինչը, նրա համաձայն, բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը Բաքու է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ։

Սթայնբերգը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նախ` փակ դռների հետևում, ապա՝ ընդլայնված կազմով։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում կողմերի միջև առկա հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, ինչպես նաև տարածաշրջանային այլ խնդիրներ։

XS
SM
MD
LG