Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Իսպանիայում օդային հաղորդակցության դիսպետչերների գործադուլի պատճառով, որը վերջին օրերին խախտել է երկրում կանոնավոր օդային հաղորդակցությունը։
Կառավարության խոսնակը հայտնել է, որ արտակարգ իրավիճակի հայտարարումը նշանակում է, որ դիսպետչերները պետք է վերադառնան աշխատանքի, հակառակ դեպքում նրանց դեմ հարուցվելու է քրեական գործ։
Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Զապատերոն շաբաթ օրը դիսպետչերների գործադուլի հարցով հանդիպում է հրավիրել։
Իսպանիայի զինուժն ուրբաթ օրը վերահսկողություն է հաստատել օդանավակայաններում, քանի որ դիսպետչերները դուրս չէին եկել աշխատանքի՝ բողոքի ցույց անցկացնելով աշխատանքային պայմանների, ինչպես նաև Մադրիդի և Բարսելոնի օդանավակայաններում որոշ ծառայություններ մասնավորեցնող միջոցառումների դեմ։
Իսպանիայի խոշորագույն «Իբերիա» ավիաընկերությունը գործադուլի պատճառով մինչև շաբաթ առավոտ դադարեցրել է բոլոր թռիչքները։
Գործադուլի մասնակիցները դեռ պաշտոնապես չեն հայտարարել, թե երբ են նախատեսում ավարտել այն։