ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների համաձայն, Սոմալիի երաշտից տուժած հարավային շրջաններում օգնության կարիքն ունեցողների մեկ երրորդը երեխաներ են:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուրբաթ օրը հայտնել է, որ այդ երկրում, որտեղ ընթացքում է 60 տարվա մեջ գրանցված ամենաուժեղ երաշտը, անհապաղ օգնության կարիք ունեցող 3,7 միլիոն մարդկանցից 1,25 միլիոնը կազմում են երեխաներ:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ուրբաթ օրը վայրէջք է կատարել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից ուղարկված սննդարար նյութերի բեռ առաքած երկրորդ ինքնաթիռը:
Մոգադիշոյում հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի կողմից 14 տոննա պարենային օգնություն առաքելուց մեկ օր անց, մարտեր էին ծավալվել Աֆրիկյան միության ու կառավարական ստորաբաժանումների և օգնության բաշխումը խոչընդոտելու փորձ կատարած «ալ-Շաբաբ» մահմեդական զինյալների միջև:
«Ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող «ալ-Շաբաբ» խմբավորումը, որը փորձում է Սոմալին վերածել մահմեդական խիստ կանոններին հետևող պետության և արդեն իսկ վերահսկում է երկրի հիմնական մասը, արգելել է ՄԱԿ-ի օգնության առաքումը: