Էներգիայի ամենամաքուր և առավել առատ աղբյուրը՝ արևային էներգիան, մատչելիության և արդյունավետության հետ կապված խնդիրներ ունի՝ հատկապես, եթե նման համակարգերը պետք է տեղակայվեն զարգացող երկրներում: Այժմ բազմաթիվ չինական ընկերությունները արեգակնային էներգիայով աշխատող նորագույն ապրանքներն են ներկայացնում Հոնկոնգի միջազգային առևտրի ցուցահանդեսում:
Հոնկոնգի էլեկտրոնիկայի ցուցահանդեսում ներկայացվող արտադրանքի մեծ մասը կիրառելի չէ աշխարհի բնակչության մեկ քառորդի՝ 1,6 միլիարդ մարդկանց կողմից, ովքեր ապրում են առանց էլեկտրականության:
Արևոտ Աֆրիկայում և Հարավային Ասիայում, որտեղ էլեկտրաֆիկացման ցուցանիշն ամենացածրն է, էժան և ավելի արդյունավետ արևային վահանակների պահանջ կա:
Ըստ Ժոնգ Շիաո Ջունի՝ Չինաստանի Գունաժու քաղաքում գործող իր կազմակերպությունն արտադրում է արևային վահանակներ, լիցքավորիչներ և լուսավորման համակարգեր:
«Արտադրանքի մրցունակությունը բարելավելու համար մենք աշխատում ենք մարտկոցի աշխատանքի երկարակեցության բարելավման վրա, փորձում ենք կրճատել էներգիայի կորուստը: Վահանակների արտադրության հոսքագծում հատուկ նյութերի և եղանակի կիրառման շնորհիվ մեծացնում ենք արևային վահանակների էլեկտրականության փոխարկման արդյունավետությունը», - ասում է Ժոնգ Շիաո Ջունը:
Իհարկե, արևային էներգիայի խնդիրներից մեկն այն է, թե ինչ անել արևի լույսի բացակայության ժամանակ: Դրան նույնպես նորարարական լուծումներ կան, ինչպիսին՝ փողոցային լուսավորման համար հիբրիդային համակարգն է, որը հիմնված է ոչ միայն արևային, այլև քամու էներգիայի վրա: Այն արդեն գործում է Չինաստանի Շենժեն քաղաքում և Գերմանիայում:
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում փոքր տարածքում մեծ հզորությամբ էներգիա ստանալու համար նախընտրում են ավելի թանկարժեք՝ բյուրեղյա սիլիցիումի տեխնոլոգիան:
Զարգացող երկրներում նախապատվությունը տալիս են ավելի էժան՝ բարակ ժապավենային տեխնոլոգիային:
Ըստ Հոնկոնգի միջազգային առևտրի ցուցահանդեսի մասնակիցներից մեկի՝ «Topray Solar» ընկերության ներկայացուցիչ Ֆրենկ Լինի համաձայն, նույն էներգիան ստանալու համար հնարավոր է ավելի քիչ վճարել:
«Իհարկե, փոխարենը ստանում են ավելի մեծ չափի սարք, սակայն մեծ չափերը խնդիր չեն Աֆրիկայի և այլ զարգացող երկրների համար, ուր չկա տարածքի խնդիր», - ասում է Ֆրենկը:
Շուկայում հայտնվել են նաև ավելի մատչելի ամենօրյա կիրառման ապրանքներ: Արևային էներգիայով աշխատող լուսարձակներն այստեղ մեծածախ վաճառքում են՝ յուրաքանչյուրը 35 ցենտ արժեքով:
Այս լապտերը ամբողջովին լիցքավորված լինելու դեպքում 20 ժամ լույս է արձակում և արժեն 100 դոլարից պակաս: Արևային էներգիան, ամբողջ աշխարհում, նոր բարձունքների է հասնում ամեն տարի:
Արևային էներգիայի ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ անցյալ տարի ավելի քան 18 գիգավատ արտադրող հզորությունների տեղակայում է իրականացվել: Սակայն Եվրոպան արևային էներգիայի ամենամեծ շուկան է մնում: Ըստ գնահատումների՝ զարգացող երկրներում տեղակայված է արևային վահանակների ընդամենը մեկ տոկոսը: