Մատչելի հղումներ

Հրաձգություն Ֆրանսիայի հրեական դպրոցում, կան զոհեր


Ֆրանսիայի հարավարևմտյան Թուլուզ քաղաքում երեք երեխա և մեկ մեծահասակ զոհվել են հրեական մասնավոր դպրոցում զինյալի կողմից երկուշաբթի վաղ առավոտյան բացված կրակի հետևանքով:

Երկրի պաշտոնյաների համաձայն, «Օզար Հատորահ» դպրոցում զինյալի կողմից բացված կրակի արդյունքում ծանր վնասվածքներ է ստացել առնվազն մեկ մարդ:

Հարձակման պատճառով զոհվել են դպրոցում դասավանդող ուսուցիչը և նրա երեքամյա ու վեցամյա որդիները, ինչպես նաև ևս մեկ երեխա, որի տարիքը գնահատվում է ութից տասը տարեկան:

Ֆրանսիայի ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն, մոտոցիկլետից կրակ բացած զինյալին հաջողվել է հեռանալ:

Թուլուզ են ուղևորվել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու երկրի կրթության նախարար Լյուք Շաթելը:

Այս հարձակումից մի քանի օր առաջ նույն տարածաշրջանում իրականացված զինված երկու հարձակումների արդյունքում զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել՝ երկու զինծառայող: Հարձակումերնը նույնպես իրականացվել էր մոտոցիկլետ վարող մի զինյալի կողմից:

Ֆրանսիայի իշխանությունների համաձայն, այս երկու հարձակումներն իրականացնելիս կրակ էր բացվել նույն զենքից:

Դեռևս հայտնի չէ, արդյոք երկուշաբթի իրականացված հարձակումն որևէ առնչություն ունի նախկինում տեղի ունեցած այս երկու հարձակումների հետ:

XS
SM
MD
LG