Մատչելի հղումներ

Շումախերի կյանքը վտանգի տակ է


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակի համաձայն, կանցլերին «ցնցել են» վերջին լուրերը

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը յոթ անգամ նվաճած գերմանացի Միխայել Շումախերի կյանքը երկուշաբթի օրը մնում է վտանգի տակ՝ ֆրանսիական Մերիբել հանգստավայրում նախօրեին դահուկասահքի ընթացքում տեղի ունեցած պատահարի ժամանակ գլխի ուժեղ վնասվածքներ ստանալուց հետո:

«Շումախերի վիճակը կարելի է գնահատել որպես կյանքին սպառնացող», - ասել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի համալսարանի հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի բաժանի վարիչ Ժան-Ֆրանսուա Փայենը:

Փայենի համաձայն, այս պահին անհնար է ասել, թե ինչպիսին կլինի Միխաել Շումախերի ապագան:

«Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ փորձում ենք ժամանակ շահել», - շեշտել է Գրենոբլ քաղաքի համալսարանի հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի բաժանի վարիչը:

44-ամյա «Ֆորմուլա 1»-ի աշխարհի բազմակի չեմպիոնը Մերիբել հանգստավայրում նախօրեին դահուկային արահետից դուրս դահուկասահքի ժամանակ գլուխը հարվածել էր ժայռին:

Անեսթեզիոլոգ Ժան-Ֆրանսուա Փայենի համաձայն, Շումախերի սաղավարն առնվազն մասամբ է պաշտպանել նրան, այլապես, ըստ բժշկի, «նա կենդանի չէր հասնի հիվանդանոց»:

Վնասվածքներ ստանալուց հետո Միխաել Շումախերը գիտակցության մեջ էր, սակայն Գրենոբլի հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո մարզիկի վիճակը շատ արագ վատթարացել էր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակի համաձայն, կանցլերին «ցնցել են» վերջին լուրերը:

«Հուսով ենք, որ նա կկարողանա հաղթահարել վնասվածքները և շուտով կապաքինվի», - ասել է կանցլեր Մերքելի խոսնակը Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
XS
SM
MD
LG