Մատչելի հղումներ

Սննդային որոշ հավելանյութեր վտանգավոր են առողջության համար


Եթե կարծում եք՝ բնական հավելանյութերը անվտանգ են, սխալվում եք: Դրանցից մի քանիսը կարող են սպառնալ մարդկանց առողջությանն ու կյանքին:

Միացյալ Նահանգներում 20 հազարից ավելի բուսական բուժամիջոցներ կան։ Հինգ ամերիկացիներից մեկը հայտնում է, որ վերջին տարում օգտագործել է դրանք: Սակայն այս այլընտրանքային դեղորայքը չի կարգավորվում Սննդի և դեղորայքի դաշնային գործակալության կողմից, իսկ դրանցից մի քանիսը կարող են մահացու լինել, և բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից ամեն գնով:

Մարդիկ հաճախ բուսական դեղերի են դիմում անքնության, հոգեկան ճնշվածության կամ խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարելու համար։ Սակայն բուսական հավելանյութերի շուրջ թյուրըմբռնում է ձևավորվել:

Դրանցից է Կավա կավան: Անքնության դեմ այս բնական միջոցը, ըստ բժիշկ Ամիտավա Դասգուպտայի, կարող է անդառնալի վնաս հասցնել:

«Մի քանի ամիս Կավա Կավա օգտագործելիս հնարավոր է մեծապես վնասել լյարդը, ընդհուպ մինչև դրա խափանումը», - ասում է բժիշկ Դասգուպտան:
Ընդհանուր առողջության համար օգտագործվող Գերմանդեր հավելումը նույնպես կարող է շարքից հանել լյարդը:

«Բնական արտադրանքին անհրաժեշտ է մոտենալ նույն կերպ, ինչ դեղորայքին», - ասում է բժիշկը:
Պումի Շամպան քաշի կորստի Էֆեդրա հավելումն էր ընդունում ընդամենը երեք շաբաթ, երբ ցնցող լուր իմացավ:

«Սովորական արյան անալիզի արդյունքում անհասկանալի և անհանգստացնող ախտանշաններ հայտնվեցին ինձ պես առողջ մեկի մոտ», - ասել է Շամպան:
Բժիշկի դիմելուց հետո նա տեղեկացավ, որ բուսական դեղորայքը վնասում է լյարդը և սիրտը, և եթե անհապաղ չդադարեցնի այդ նյութի ընդունումը, ապա կմահանա:

Ըստ բժիշկ Դասգուպտայի՝ դառը նարինջը թունավոր բույս է, որն օգտագործվում է քաշը գցելու համար: Այն պարունակում է բաղադրիչներ, որոնք կառուցվածքային նմանություն ունեն ամֆետամինին, ինչը անօրինական թմրադեղ է և կարող է վնասել սրիտը:

Բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել նաև Շապարալից: Ըստ նրա՝ ակտիվացնող հավելումը կործանում է լյարդը: Իսկ Յոհիմբեյ կոչվող դեղորայքը, որը հայտնի է նաև որպես բուսական վիագրա, կարող է սրտի և արյան բարձր ճնշման խնդիրներ առաջացնել:

«Կարծում եմ՝ Սննդի և դեղորայքի դաշնային գործակալությունը պետք է կարգավորի այս արտադրանքն այնպես, ինչպես կարգավորում է դեղամիջոցները», - ասում է բժիշկ Դասգուպտան:
Բժիշկը չի կարծում, որ Սննդի և դեղորայքի դաշնային գործակալությունը պետք է կարգավորի բոլոր բուսական հավելումները, այլ միայն նրանք, որոնք հայտնի են առողջական վտանգներ առաջացնելու համար:

Գործակալությունը զգուշացում է հրապարակել որոշ հավելումների վերաբերյալ, որոնց թունավոր ազդեցությունը հայտնի է, սակայն այդ հավելումները հեշտությամբ կարող եք գնել խանութներում՝ սովորաբար առանց զգուշացնող պիտակի:
XS
SM
MD
LG