Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ


«Թեթչերի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք և ոգեշնչել շատ քաղաքական գործիչների»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես նշվել է, որ Մարգարեթ Թեթչերն անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող պետական և քաղաքական գործի, որի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք և ոգեշնչել շատ քաղաքական գործիչների:

«Հայաստանում լավ են հիշում աղետալի երկրաշարժի օրերին նրա առաջնորդությամբ Միացյալ Թագավորության անունից հայ ժողովրդին ցուցաբերված աջակցությունը և նրա այցելությունը աղետի գոտի», - նշված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված հեռագրում:

«Խորին վշտակցություն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարությանը և ժողովրդին, Մարգարեթ Թեթչերի հարազատներին և մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ», - եզրափակում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը:
XS
SM
MD
LG