Մատչելի հղումներ

Ռուսաստանը հարցականի տակ է դրել Ուկրաինայում կայանալիք ընտրությունների լեգիտիմությունը


Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը «տարօրինակ» է համարում ընտրությունների անցկացումն այն ժամանակ, երբ բնակչության որոշ մասի դեմ զինված ուժեր են կիրառվում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների լեգիտիմությունը:

Հանդես գալով Վիեննայում երեքշաբթի օրը կայացած Եվրոպայի խորհրդի հանդիպումից հետո, որը նվիրված է եղել Ուկրաինայում ծավալված ճգնաժամին՝ արտգործնախարար Լավրովն ասել է, թե «բավականին տարօրինակ» է ընտրություններն անցկացնել այն ժամանակ, երբ Ուկրաինայի բանակը կիրառվում է երկրի բնակչության որոշ մասի դեմ:

Վիեննայում Եվրոպայի խորհրդի նույն նիստին մասնակցած Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում նախագահական ընտրությունների խաթարման փորձեր կատարելու մեջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին զգուշացրել է, որ եթե Ուկրաինայում ընտրությունները չկայանան, ապա այս երկրին սպառնում են «քաոսն ու քաղաքացիական պատերազմի վտանգը»:

Ուկրաինայում բռնությունների սաստկացման պատճառով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հադես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը նախատեսում է առաջարկել իր միջնորդությունը Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կարգավորման գործում, քանի դեռ վիճակը չի դարձել անվերահսկելի:
XS
SM
MD
LG