Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, հրշեջները հաջողության են հասել հրդեհների մակերեսը նվազեցնելու գործում, իսկ դեպի Մոսկվա շարժվող մթնոլորտային սառը ճակատը իջեցնելու է օդի ջերմաստիճանը քաղաքում:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն, հրդեհների մակերեսն ամբողջ երկրում այժմ կազմում է 45800 հեկտար, մինչդեռ կիրակի օրը այն կազմում էր 53000 հեկտար: Երկրի գյուղական վայրերում դեռ շարունակվում է մոտ 500 հրդեհ:
Պաշտոնյաների համաձայն, հրշեջները վերահսկում են Մոսկվայից դեպի արևմուտք գտնվող Սարով քաղաքում տեղակայված կարևորագույն նշանակություն ունեցող հաստատության շրջակայքում տեղի ունեցող անտառային հրդեհները:
Եղանակի կանխատեսումների գործակալությունների համաձայն, դեպի Մոսկվա է շարժվում մթնոլորտային սառը ճակատ: Սպասվում է, որ քաղաքում օդի ջերմաստիճանն իջնելու է մինչև 21-ից 25 աստիճան ըստ Ցելսիուսի:
Օդի ջերմաստիճանը Մոսկվայում մեկ ամսից ավել հասնում էր և նույնիսկ ժամանակ առ ժամանակ գերազանցում 40 աստիճանն ըստ Ցելսիուսի, և քաղաքը պատված էր անտառային հրդեհներից առաջացրած խիտ ծուխով: