Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ մի քանի շաբաթ տևած երաշտի և հրդեհների պատճառով ոչնչացել է երկրի ցորենի բերքի մեկ քառորդը, ինչը կարող է բերել Ռուսաստանի բազմաթիվ ագարակատերերի սնանկության:
Չորեքշաբթի օրը նախագահ Մեդվեդևը Ռուսաստանի հարավում հանդիպում է ունեցել ագարակատերերի և ցորեն վաճառողների հետ և ասել, որ իրավոիճակը «ծանր» է, նույնիսկ «ծայրահեղ»:
Իր խոսքում նախագահը չի անդրադարձել ցորենի կորուստներին, սակայն պաշտոնական հաշվարկների համաձայն, այս տարի ցանվել էր ավելի քան 43 միլիոն հեկտար ցորեն:
Այս շաբաթվա սկզբում Ռուսաստանի վարչապես Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրից ցորենի արտահանումը արգելելու մասին: Արգելքը կարող է ուժի մեջ մնալ մինչև այս տարվա վերջ` երկրի ներսում սննդամթերքի և անասնակերի գները կարգավորելու համար:
Արգելքի արդյունքում Չիկագոյի առևտրային բորսայում ցորենի գները հասել են երկու տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշի, որը կազմել է 7,85 դոլար` մեկ բուշելի դիմաց (1 բուշելը հավասար է 27,22 կիլոգրամի): Սպասվում է, որ այս արգելքը կբերի աշխարհում ցորենի գների կտրուկ աճի: