Մատչելի հղումներ

«Ռուսաստանը սպառնացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության մասնակիցներին». «Ռոյթերս»


ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության աշխատողներից մեկն ասել է, թե «մենք երբեք չենք սպառնում որևէ մեկին: Մենք պարզապես բացատրում ենք իրավիճակը»

Ռուսաստանը սպառնացել է որոշ պետություններին, որպեսզի վերջիններս չքվեարկեն Ղրիմում հանրաքվեի անցկացումն անօրինական հայտարարելու շուրջ բանաձևի օգտին:

Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի դիվանագետները՝ իրենց անվան գաղտնիությունը պահպանելու պայմանով:

Դիվանագետների համաձայն, Ռուսաստանի կողմից ճնշումների ենթարկվել են Մոլդովան, Ղրղզստանն ու Տաջիկստանը, ինչպես նաև Աֆրիկայի մի շարք պետություններ:

ՄԱԿ-ի դիվանագետները տեղեկացրել են, որ Ռուսաստանը որևէ հստակ սպառնալիքներ չի հնչեցրել, սակայն պարզ էր, որ քվեարկության ընթացքում Ռուսաստանի դիրքորոշմանը դեմ քվեարկելու դեպքում վերջինս պատրաստ էր իր տարածքից վտարել աշխատանքային միգրանտներին, դադարեցնել բնական գազի առաքումը կամ առևտրային պատժամիջոցներ սահմանել:

Արձագանքելով Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության մասնակիցներին սպառնալու մասին տեղեկությունների՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության աշխատողներից մեկն ասել է, թե «մենք երբեք չենք սպառնում որևէ մեկին: Մենք պարզապես բացատրում ենք իրավիճակը»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրն էր հավանության արժանացրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերահաստատող և Ղրիմում անցկացված՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցման պատճառը դարձած հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևը:

Ուկրաինայի հեղինակությամբ ներկայացված ՄԱԿ-ի բանաձևին կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի անդամ 100 պետություն, 11 պետություն քվեարկել է դեմ, 58-ը՝ ձեռնպահ, իսկ 24 պետություն չի մասնակցել քվեարկությանը:

Բանաձևին դեմ, բացի Ռուսաստանից, քվեարկել էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վերեսուելան ու Զիմբաբվեն:
XS
SM
MD
LG