Մատչելի հղումներ

Ռուսաստանն արգելափակել է Սիրիային դատապարտող ՄԱԿ-ի ևս մեկ բանաձև


Դիվանագետների վկայությամբ՝ Ռուսաստանի ներկայացուցիչները բանաձևի նախագծում ցանկանում էին կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք անիմաստ կդարձնեին այն

Ռուսաստանը ևս մեկ անգամ արգելափակել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից ապստամբների և խաղաղ բնակիչների ուղղությամբ օդային հարվածների իրականացումը դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Մեծ Բրիտանիայի հեղինակած բանաձևի նախագծում զայրույթ է արտահայտվում Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի ուղղությամբ անցյալ ամսվանից սկսված զանգվածային ռմբակոծությունների կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 700, վնասվածքներ ստացել մի քանի հազար մարդ:

Դիվանագետների վկայությամբ՝ Ռուսաստանի ներկայացուցիչները բանաձևի նախագծում ցանկանում էին կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք անիմաստ կդարձնեին բանաձևը:

Սիրիայի դաշնակից Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, արդեն իսկ արգելափակել է Սիրիայի կառավարությանը դատապարտող մի շարք բանաձևեր: Ռուսատանի իշխանությունները սակայն սատարել են Սիրիային քիմիական զենքից հրաժարվելու ստիպած քայլերը, և, բացի այդ, Միացյալ Նահանգների հետ մեկտեղ հովանավորում են այս ամիս Ժնևում Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների անցկացումը:

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում ակտիվիստներին չորեքշաբթի ավելի վաղ հաջողվել էր վերահսկողություն հաստատել «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների ռազմակայանի նկատմամբ այն ընթացքում, երբ երկրում արդեն վեցերորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող խմբավորումների միջև:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, չափավոր և իսլամիստական հայացքներին հարող ապստամբների խմբավորումների դաշինքը վերահսկողություն է հաստատել ռազմակայանի նկատմամբ՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացրած գործողությունների արդյունքում:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման խոսնակ Աբու Մոհամմեդ ալ-Ադնանին այս ընթացքում կոչ էր արել իր խմբավորման ուժերին «ջախջախել» ապստամբների մրցակից խմբավորումները: Ալ-Ադնանին, բացի այդ, հանդես էր եկել Սիրիայի ընդդիմության հիմնական խմբավորման՝ «Սիրիայի ազգային դաշինքին», ինչպես նաև Արևմուտքի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակին» պատերազմ հայտարարելու մասին հայտարարությամբ:
XS
SM
MD
LG