Մատչելի հղումներ

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիր են ստորագրել


Հայաստանը ցանկանում է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միության

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները ստորագրել են ազատ առևտրի և տնտեսական կարևոր քաղաքականության համակարգման համար իրականացման տնտեսական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հինգշաբթի օրն անցկացված արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «պատմական» են անվանել ստորագրված համաձայնագիրը:

Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն «Եվրասիական տնտեսական միություն» անվանմամբ հայտնի դաշինքը նկարագրել է որպես «քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված՝ տարածաշրջանը միավորելուն ուղղված համաձայնագիր»:

«Բազում տարիներ են պահանջվել մեզ՝ անցնելու համար Եվրասիական ինտեգրման դժվարին ճանապարհը: Յուրաքանչյուր քայլ դժվարին էր, սակայն մեր առջև միշտ կանգնած է եղել հիմնական նպատակը՝ որպեսզի մեր ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարեկամության պայմաններում», - ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած է երեք պետությունների միջև ստեղծված մաքսային միությունը:

«Եվրասիական տնտեսական միության» մեջ չի մասնակցելու Ուկրաինան՝ այս տարվա փետրվարին ռուսաստանամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը տապալելուց հետո:

Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում իր ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սարգսյանը խնդրել է հաստատել մինչև այս տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը:

«Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին», - իր ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սարգսյանը:
XS
SM
MD
LG