Սպառազինությունների վերահսկման, ստուգումների ու համապատասխանության հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլերը հոկտեմբերի 18-ից 19-ը այցելել է Հայաստան` խորհրդակցելու Հայաստանի կառավարության հետ սովորական սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլերը ղեկավարում է Միացյալ Նահանգների արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման հարցերով բաժինը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումների ընթացում Ռոուզ Գոթեմոլերը լուրջ և արդյունավետ քննարկումներ է անցկացրել:
Հիշեցնենք, որ տարածաշրջանում է գտնվում նաև ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը, որը հոկտեմբերի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում կատարում է պաշտոնական այցեր Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: