Առնվազն 2 հազար ցուցարար երեքշաբթի օրը հավաքվել է Աֆղանստանում Միացյալ Նահանգների հիմնական ռազմական բազայի մոտ՝ արտահայտելու իրենց բողոքն ռազմական այս հենակետում օտարերկրյա զինծառայողների կողմից Ղուրանի գրքերը «ոչ արժանավայել» եղանակով ոչնչացնելու մասին տարածված լուրերի կապակցությամբ:
Քաբուլի հյուսիսում գտնվող Բաղրամ օդային ռազմակայանի մոտակայքում հավաքված որոշ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ և քարեր նետել ռազմակայանի ուղղությամբ, իսկ ռազմակայանի պահակախումբն ի պատասխան այս գործողությունների կրակ է բացել՝ կիրառելով ռետինե գնդակներ:
Միջազգային ուժերի հրամանատար, Միացյալ Նահանգների զինված ուժերի գեներալ Ջոն Ալենն անմիջապես հրապարակել է հաղորդագրություն, որտեղ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար և կարգադրել է անցկացնել դաշնակիցների ուժերի կողմից մեծ թվով մահմեդական գրքերի, ներառյալ Ղուրանի, «ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու մասին» հաղորդագրությունների հետաքննություն:
Գեներալ Ալենի համաձայն, ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու, որ «նման իրադարձություններ այլևս երբեք չկրկնվեն»՝ վստահեցնելով, որ գրքերը փոխանցվել են հոգևոր իշխանություններին՝ համապատասխան եղանակով վարվելու նպատակով:
Ղուրանի ենթադրյալ պղծման հանգամանքները դեռևս պարզ չեն: Որոշ չհաստատված հաղորդագրությունների համաձայն, ՆԱՏՕ-ի ուժերի զինծառայողները փորձել են ձերբազատվել Ղուրանի բազմաթիվ գրքերից՝ դրանք կրակի մատնելու միջոցով, սակայն այս գործողությունները դադարեցվել են ռազմական բազայում աշխատող աֆղանստանցիների կողմից: