Մատչելի հղումներ

Աշխարհում նորածինների մահացության ցուցանիշները նվազեցնելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել


Աշխարհում նորածինների մահացության ցուցանիշները նվազեցնելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել
Աշխարհում նորածինների մահացության ցուցանիշները նվազեցնելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել

ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Փրկենք երեխաներին» մասնավոր մարդասիրական խմբի նոր հետազոտությունը կոչ է անում միջազգային համագործակցության, որը կկասեցնի ամեն տարի հիմնականում զարգացող երկրներում միլիոնավոր նորածինների մահացությունը:

Միջազգային այս կազմակերպությունների համաձայն, ամեն տարի 3,3 միլիոն նորածին է մահանում ծնվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում:

Նորածինների կենդանի մնալու հավանականությունն ամենացածրն է հինգ երկրներում` Հնդկաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Չինաստանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Նորածինների մահվան յուրաքանչյուր չորրորդ դեպքը տեղի է ունենում Հնդկաստանում:

Ուսումնասիրության համահեղինակ, մանկաբույժ Ջոյ Լոունի խոսքերով` առողջապահության պարզ ծրագրեր կարող են նվազեցնել նորածինների մահացության ցուցանիշը:

«Ոչ սանիտարական միջավայրում ծննդաբերելու, ծնվելուց անմիջապես հետո երեխային չորացնելու, տաք պահելու և կերակրելու արդյունքում Հնդկաստանի գյուղական վայրերում նորածինների մահացությունը կրճատվել է գրեթե հիսուն տոկոսով», - ասում է բժիշկ Լոունը:

Ուսումնասիրությունները վկայում են, որ պարզ միջոցներ ձեռնարկելու միջոցով ամեն տարի հնարավոր է առնվազն 60 տոկոսով կրճատել նորածինների մահացությունը:

Մեկ այլ կարևոր գործոն է բժշկական վերապատրաստված անձնակազմի առկայությունը:

Բժիշկն ասում է, որ եթե ծննդաբերության ժամանակ բուժաշխատողները անհրաժեշտ սարքավորումներ ու դեղորայքն ունենան, ապա հնարավոր է հիսուն տոկոսով կրճատել և նորածինների մահացությունը:

Կարող է օգնել նույնիսկ բժշկական ամենապարզ սարքերը, օրինակ` Ռայս համալսարանի ուսանողների խմբի կողմից մշակված «մանկական օդ» կոչվող ցածրարժեք շնչառական սարքավորումը, որը կարող է փրկել սուր շնչառական խնդիր ունեցող նորածինների կյանքը:

Ռայս համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ-Կորտումը և համալսարանի թիմը Գյուղական վայրերում կանխարգելման և բուժման նորարարական մոտեցումների մրցույթի 19 հաղթողներից են: Մրցույթի հովանավորներն էին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը և այլոք:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Ռաջիվ Շահի խոսքերով` տեխնոլոգիան կարևոր դեր է խաղում նորածինների մահացությունը կրճատելու հարցում:

«Շատ կարևոր է արտադրել ցածր արժեքով վերակենդանացման սարքեր, նորածինների դեղնախտի բուժման համակարգեր, էլեկտրոնային և բջջային հեռախոսների տեխնոլոգիայի վրա հիմնված արյան մակարդակը վերահսկող սարքեր, նոր դեղորայք և ախտորոշման տեխնոլոգիա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանել գյուղական վայրերում, ուր չկան հիվանդանոցներ», - ասում է Շահը:

Նորածինների մահացության աստիճանը նվազեցնող ծրագրերի առաջընթացի վերաբերյալ վկայություններն առկա են, հատկապես` Հարավային Ասիայում:

Սակայն Աֆրիկայում փոփոխություն գրեթե չի նկատվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Փրկեք երեխաներին» հիմնադրամի զեկույցի գնահատմամբ, անհրաժեշտ է ավելի քան 150 տարի, որպեսզի Աֆրիկայում նորածինների մահացության ցուցանիշը նվազի և հավասարվի ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի ցուցանիշներին:

XS
SM
MD
LG